Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է իր սպասելիքների մասին Գերմանիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպումից։ Թիմերը կհանդիպեն հունիսի 19–ին Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրում։
«Ես բացարձակապես չեմ վախենում Գերմանիայի հավաքականից։ Կարծում եմ՝ երկու թիմերն էլ հարգում են իրար եւ բավական ուժեղ են, որպեսզի հասնեն դրական արդյունքի։ Բայց պետք չէ ասել, որ Պորտուգալիան ֆավորիտ է։ Այդ տրամադրվածությամբ մենք նույնիսկ ոչ ոքի արդյունքի չենք հասնի։
Նախկինում Եվրոպայի չորս–հինգ առաջատար թիմեր կարծում էին, որ իրենq ավելի ուժեղ են եւ պետք է հաղթեն Պորտուգալիային։ Կարծում եմ՝ հիմա Եվրոպայի եւ աշխարհում ոչ մի թիմ չի կարծում, որ մեր հետ պայքարում կարելի է հասնել հեշտ հաղթանակի»,– Սանտուշի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։
Պորտուգալիա – Գերմանիա հանդիպումը տեղի կունենա Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։ Առաջին տուրում պորտուգալացիները 3։0 հաշվով հաղթել են Հունգարիային, Գերմանիան 0։1 հաշվով պարտվել է ֆրանսիացիներին։