«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի մի քանի տարածքներում հունիսի 22-ին խմելու ջուր չլինելու խնդիրը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում:

Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով է, որ ջրամատակարարումը դադարեցվել: ՀԷՑ-ն էլ իր հերթին պնդում է, որ մի քանի ենթակայաններում առաջացած լարման շեղումները չէին կարող ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովում սկսել են ուսումնասիրել, թե ինչու է խմելու ջրի ճգնաժամ ստեղծվել: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Աղինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր առավոտյան նախատեսում են հանդիպել երկու ընկերությունների գլխավոր ինժեներների, տեխնիկական տնօրենների հետ. «Մենք իրենց ժամանակ ենք տվել, որ իրենք բոլոր տեղերից հավաքեն ինֆորմացիան»:


Սերգեյ Աղինյանից հետաքրքրվեցինք՝ եթե պարզվի, որ ՀԷՑ-ն իսկապես մեղավոր է, ապա ինչ կսպասվի ընկերությանը: Մեր հարցին ի պատասխան՝ Աղինյանն ասաց. «Եթե ՀԷՑ-ի մեղավորությունը կա, եւ եթե մեծ թվով սպառողներ են տուժել, ապա դա արդեն տուգանք է: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունից հետո պարզ կդառնա»:

Ավելի մանրամասն՝ այսօրա համարում։