Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան անդրադարձել է հայտնել երկրի ֆուտբոլի հավաքականի պարտությանը Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում: Նա նշել է, որ մրցաշարից հետո կընդունի ֆուտբոլիստներին:

«Ես կհյուրընկալեի հավաքականին, եթե նույնիսկ նրանք վատ խաղ ցուցադրեին: 2016-ին մեզ հետ էր հաջողությունն ու տաղանդը, սակայն այս խաղում մեր բախտը չբերեց, հատկապես՝ երկրորդ խաղակեսում:


Հրաշալի խաղ էր, բոլոր փոխարինումները շատ գրագետ արվեցին, սակայն դա չաշխատեց: Կյանքը երբեմն լինում է անշնորհակալ: Կհիասթափվեի, եթե մենք ցուցադրեինք անհաջող խաղ: Դա մեր օրը չէր: Պետք է շնորհավորել հաղթողներին»,- նախագահի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոնը նվազագույն հաշվով պարտվեց բելգիացիներին:

Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը հուլիսի 2-ին Մյունխենում կմրցի Իտալիայի թիմի հետ: