Ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի, ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը պետք է ծառայի որպես դասական օրինակ:

 Սա այն դեպքն է, երբ ղեկավար մարմինը կարողացավ լսել հասարակության պահանջը, իսկ հասարակության ակտիվ մասը կազմող մի խումբ երիտասարդները չբավարարվեցին այդ որոշմամբ, երկրորդ օրն իսկ քաղաքապետարանի դիմաց նստացույց անցկացնելով արդեն քաղաքապետարանի առաջ դնելով մեկ այլ պահանջ՝ աշխատանքից հեռացնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին: Բացի այդ, ակտիվ երիտասարդները օգտվելով առիթից սկսեցին վիրավորական խոսքեր ուղղել պաշտոնյաների նկատմամբ:

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը ընդունելի չէ այն հանգամանքը, որբ քաղաքական սատիրան անցնում է անձնական վիրավորանքների հարթություն»:

«Ես ընդհանրապես դեմ եմ արժանապատվությանը վիրավորող որևէ մի խոսքի: Ես համաձայն չեմ կոպտության ոչ մեկի կողմից, չնայած պետք է հասկանալ նաև իրավիճակը»,-նման կարծիք հնչեցրեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն  Լարիսա Ալավերդյանը:

Նստացույց անցկացողների պաշտոնյաների նկատմամբ նման վերաբերմուքնին իր գնահատականը տվեց նաև Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, նշելով, որ նրանց բեմականացված պահելաձևը անթույլատրելի է:

Ակտիվիստների կողմից որդեգրած պայքարի նման ձևաչափի վերաբերյալ իր կարծիքն հայտնեց նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով ոչ մի դեպքում չի ընդունում անձնական վիրավորանքներ, քանի որ այն իմաստազրկում է պայքարը:

Հիշեցնենք, որ ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումից անմիջապես հաջորդ օրը մի խումբ ակտիվիստներ քաղաքապետարանի դիմաց  սկսեցին իրականացնել իրենց հաջորդ ակցիան, որն էլ վերածվեց անժամկետ նստացույցի: