ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդիի հետ քննարկել է «փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ շրջակա տարածքներ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության»:

Ռուսաստանը դեմ է Արցախի հարցի քաղաքական կարգավորմանը միջազգային լեգիտիմ ձեւաչափում՝ Մինսկի խմբում, ՄԱԿ-ում, ինչպես նաեւ այլ կառույցներում, որոնք եռակողմ փաթեթը չեն ընդունում որպես կարգավորում։ Միեւնույն ժամանակ, Մոսկվան փորձում է «լեգիտիմացնել» եռակողմ փաթեթը նույն այդ միջազգային կազմակերպություններում, նրանց վերապահելով հումանիտար խնդիրների քննարկումը։


Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, իսկ կարգավիճակի քննարկումը հեռու ապագայի խնդիր է։ Այդ հայտարարություններն արվում են ռուսական պլանների միջազգային համառ մերժումների պայմաններում, Հայաստանի դեմ թշնամական քաղաքականությունը քիչ ինչ մեղմելու նպատակով։

Պետք է հիշել, որ ռուսական զորքը Արցախում է նրա կարգավիճակի ոչնչացման շուրջ Անկարայի եւ Բաքվի հետ կայացած համաձայնության դիմաց։

Զորքի տեղակայումը ինքնանպատակ չէր: Եռակողմ փաթեթը Հայաստանի դեմ Լավրովի պլանի կիրառումն է, որի «Արցախյան» մասը ենթադրում է բացի նրա կարգավիճակի ոչնչացումից նաեւ հայկական ինքնության ոչնչացումը, այնուհետեւ ռուսացումն ու թրքացումը՝ ապահովելով վերաինտեգրումը այսպես կոչված «ադրբեջանին»։ Այս համատեքստում պետք է հասկանալ, որ փախստականների ու տեղահանվածների վերադարձ ասելով՝ Մոսկվայում նկատի ունեն բացառապես «ադրբեջանցիներին», որի միջոցով էլ լուծելու են բոլոր հարցերը, չեզոքացնելով միջազգային պահանջները։ Սա Ռուսաստանի՝ հայերի հայրենազրկման երկդարյա քաղաքականության հետեւողական շարունակությունն է, որի տրամաբանական ավարտը պետք է դառնան Հայաստանին պարտադրվող «դեմարկացիոն եւ խաղաղության» պայմանագրերը եւ երկրի հետագա «էրոզիան» Արցախի օրինակով։

Ռուսական պլանները չպետք է իրագործվեն, եւ դրա հնարավորությունները կան, Մոսկվայի ու Բաքվի կողմից նույն այդ եռակողմ փաթեթի դրույթների խախտման, ինչպես նաեւ միջազգային լեգիտիմ կառույցների դիրքորոշումների արդյունքում։ Նոր խորհրդարանում հայտնված ուժերն ուղիղ եւ հավասար պատասխանատվություն են կրում Հայաստանի դեմ իրագործվող պլաններին դիմադրության հարցում։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/30/651968/