«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի բմբուլները քամուն էր տալիս՝ իր «հագով» Սահմանադրություն և օրենքներ «կարելու» համար, հիմա ինքն է զբաղված նույն գործով։ Կառավարությունը մտադիր է մարզպետների կուրացիան վերցնել տարածքային կառավարման նախարարից և տալ փոխվարչապետներից մեկին` նրան, ում կպատվիրակի վարչապետը։ Այդ փոփոխությունից հետո մարզպետի ինստիտուտը հաշվետու կլինի փոխվարչապետին։

Նախագծում երկար-բարակ ներկայացրել են գործառույթները, ապա հիմնավորել․ «Նշված փոփոխությունների արդյունքում կբարձրացվի մարզպետների հաշվետվողականությունը և վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը»: Բայց իրականում պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն այս փոփոխությունն իրականացնում է կոնկրետ պաշտոնյայի համար: Սա նշանակում է, որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցը փակ է, և նա կդառնա փոխվարչապետ, իսկ մինչ պաշտոնին նշանակվելը, նախարարի նախկին գործառույթներն իր հետ կտեղափոխի փոխվարչապետի գործառույթների տիրույթ։

Հավանաբար, Պապիկյանն արդեն մարզպետների հետ լեզու է գտել, դրա համար էլ օրենքը փոխում են, որ մեկ ուրիշը նոր տողից չսկսի աշխատանքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում