ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ, թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը՝
• Զինվորի տունը պարծանք է, և վերջ,
• Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ,
• Զինվորի տունը լավագույնն է, և վերջ…
Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում:
Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը` Աբովյան 58 հասցեում:
Արտավազդ Սահակյանին, բազմիցս, առաջարկվել է, թե Հերացի և թե Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը:
Եվ վերջում, թշնամին մեր Երկրի սահմանին է, Երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք:
Ի գործ»:
Հիշեցնենք, որ երեկ բժիշկ Արտավազդ Սահակյանը հանդես էր եկել տեսաուղերձով, որտեղ նշել էր, որ դեռևս 2017 թվականին, երբ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր է նշանակվել Արմեն Մուրադյանը, իրեն հորդորել է լքել տարածքը, ինչին ինքն ընդդիմացել է։
Սահակյանը հայտարարել էր, որ այս ընթացքում էլ պարբերաբար նույն պահանջը դրվել է։
«Ինձ պարտադրում են հեռանալ այս մասնաշենքից՝ հաշվի առնելով Կառավարության որոշումը, իսկ Կառավարության որոշումն ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու»,- նշել էր նա՝ միաժամանակ շեշտելով, որ այդտեղ ոչ մի քաղաքական խնդիր չի տեսնում։