«Հուսով ենք, որ տարածաշրջանային վերափոխման այս գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մնա անցյալում, այլ կդառնա ապագայի մասը: Իր փորձի և ինստիտուցիոնալ հիշողության շնորհիվ խումբը կարող է կարևոր դեր ունենալ առաջիկա տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հաստատման գործում», գրել է Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Խաղաղության և համագործակցության փոխարեն ռևանշիզմի փորձերը կարող են վերածվել նոր աղետի և ողբերգության», – եզրափակում է Հիքմեթ Հաջիևը:
Ի՞նչ ռևանշիզմի մասին է խոսում Հաջիևը: Արդյոք նա նկատի ունի ռազմական ռեւանշը, հաշվի առնելով, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին Ակնայում «հուսալիորեն» զսպում են Հայաստանի ցանկացած նախաձեռնություն: Գուցե խոսքը քաղաքական «ռևանշիզմի՞» մասին է, այսինքն ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի կարգավիճակի քննարկման վերաբերյալ Հայաստանի հավանական պահանջին:
Այս պահանջը չեզոքացնում է Ռուսաստանը, որը նախագահի մակարդակով Արցախն անվանեց «Ադրբեջանի տարածք», քանի որ «Հայաստանը չի ճանաչել Արցախը»: Բացի այդ, ինչպես ասում են փորձագետները, Ռուսաստանը Հայաստանին արգելում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել է, որ գործընթացը չպետք է «արթնացնել», իսկ կարգավիճակի հարցը կարող է քննարկվել «փախստականների» վերադարձից և «համատեղ կյանքից» հետո:
Բայց ԱՄՆ-ը և Ֆրանսիան խոսում են «ռեւանշի», այսինքն`քաղաքական կարգավորման և Արցախի կարգավիճակի քննարկման մասին` Ալիևին ընտրության առաջ դնելով. Եթե խաղաղություն ես ուզում, ճանաչիր Արցախը: Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները բանաձևեր են ընդունել Արցախը ճանաչելու և 1994 թվականի սահմաններին վերադառնալու անհրաժեշտության մասին:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Պուտինին, հավանաբար խոսել են Մինսկի խմբի մասին: «Ռուսաստանի նախագահը ուշադրություն հրավիրեց ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում եվրոպացի գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի սերտ ներգրավման անհրաժեշտության վրա: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել Արցախի հարցի կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ համակարգման հարցում, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով», ասված է Կրեմլի հայտարարության մեջ:
Արագացնելով «խաղաղության պայմանագրի ստորագրումը» առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական կարգավորման, Մոսկվան ու Բաքուն հայտնվել են ծուղակում: Եթե «խաղաղության պայմանագիր», ապա ԵԱՀԿ Մինսկի խմբում կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանակցություններից հետո, եթե բանակցություններ՝ ապա Արցախի կարգավիճակի մասին: Այլ տարբերակ չկա:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/04/653014/