ՀՀ քաղաքացի Ռազմիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 15.02.2013թ. ժամը 21.30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 4 Մեք. 18/13 բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ` Գոհար Պապոյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, ապա ծխախոտի այրվող գլանակը սեղմելով հանգցրել է նրա ճակատին` առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 113հոդվածի 1-ին մասով:
Այս մասին մենք իմանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Գործը քննվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:
Գործով տուժող Գոհար Պապոյանի նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներով պարզ է դարձել, որ Ռազմիկ Պապոյանի հետ համատեղ կյանքից ունի երեք երեխա: Մոտ մեկ տարուց ավել ամուսնու հետ վիճաբանելուց հետո գնացել է Օձուն գյուղում գտնվող իր հայրական տուն և բնակվել է այնտեղ: 2013թվականի փետրվարի 3-ին, կրկին եկել է Վանաձոր քաղաքի բնակարան և այնտեղ մնացել: Վերջին չորս տարվա ընթացքում իր և Ռազմիկի հարաբերությունները լարված են եղել, իրենք եղել են անհաշտ, ընտանիքում առաջացել են վիճաբանություններ, որի պատճառով էլ գնացել է իր հայրական տուն:
Գործի քննությունն ավարտվել է և դատարանը վճռել է Ռ. Պապոյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 113հոդվածի 1-ին մասով և դատապարտել կալանքի 1/մեկ/ ամիս ժամկետով: Խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատարանը վճռել է նաև, որ պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում և ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակվի հարկադիր բուժում ալկոհոլիզմի դեմ: