«Խորհրդարանական երկրորդ ուժին, օրենքի համաձայն, վերապահվում է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներում երեք ղեկավարի պաշտոնները: Թե արդյոք մանդատները վերցնելու դեպքում «Հայաստան» դաշինքը կստանձնի իրեն հասանելիք պաշտոնները, հետաքրքրվեցինք «Հայաստան» դաշինքի երկրորդ համար, ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից:
- Մենք կօգտվենք այդ հնարավորություններից, բայց ոչ ինչ-որ մեկին պաշտոնի բերելու համար: Կարծում ենք, որ սա լրացուցիչ խթան կհաղորդի մեր պայքարին:
- Պարոն Սաղաթելյան, մամուլում շրջանառվում էր, թե հնարավոր է, որ «Հայաստան» դաշինքից միայն ՀՅԴ-ականները վերցնեն մանդատները: Ի՞նչ կասեք այս մասին:
- Բացառվում է այդ տարբերակը: Մանդատներ վերցնել-չվերցնելու որոշում կընդունի ամբողջ «Հայաստան» դաշինքը՝ ելնելով պայքարի հաջողության տրամաբանությունից: Եթե մենք գանք եզրակացության, որ վերցնելով այդ մանդատները՝ կընդլայնենք մեր պայքարը, ապա կգնանք այդ ճանապարհով: Հիմա հակված ենք այն բանին, որպեսզի գնանք խորհրդարան, բայց վերջնական որոշման մասին կհայտարարենք Սահմանադրական դատարանի վճռից հետո»,-գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Իրավունք»