Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպելու է Պուտինին։ Ըստ Կրեմլի հաղորդագրության, հանդիպմանը քննարկվելու է «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը»։
Այցի նախօրեին Բաքվի ստորաբաժանումները զինված սադրանք են կազմակերպել ՀՀ Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ, որի արդյունքում կան վիրավորներ։ Ավելի ուշ, Բաքվի զլմ-ները հայտնեցին, թե իբր «հայկական անօրինական ստորաբաժանումներն Ադրբեջանի տարածքից, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, գնդակոծել են Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումներին, որի հետեւանքով կա վիրավոր»։
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Բաքվի պարագլխին սպասարկող գլխավոր օֆիցիոզում անմիջապես հոդված հրապարակվեց, որում քննադատվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունը եւ ակնարկներ են արվում ռուս խաղաղապահների ներկայության նպատակահարմարության մասին։
Ակնհայտ է, որ այս միջադեպերը կապված են Պուտին-Փաշինյան հանդիպման հետ։ Մոսկվան ու Բաքուն իրենց ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրների բերումով շտապում են Հայաստանին պարտադրել «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրեր։ Իր հերթին, Բաքուն փորձում է ճնշում բանեցնել Մոսկվայի դեմ, Հայաստանին այդ պայմանագրերը պարտադրելու համար։
Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում քննարկվելու են այս հարցերը։ Ռուսաստանը չի ձգում միանգամից մի քանի ճակատով՝ Սիրիա, Կովկաս, Ուկրաինա, Տաջիկստան, իրադարձությունների կառավարմանը, եւ փորձելու է փակել «կովկասյան ճակատը», Նիկոլ Փաշինյանին պարտադրելով այդ պայմանագրերը։
Միեւնույն ժամանակ, Պուտինի ռեժիմը կանգնած է ներքին լուրջ խնդիրների առջեւ եւ փորձում է մինչեւ սեպտեմբեր` Պետդումայի ընտրություններ կարգավորել իշխանության տրանզիտի եւ համակարգի պահպանման խնդիրները, որից հետո Պուտինն ամենայն հավանականությամբ հեռանալու է։ Բաքվի շտապողականությունը կապված է այս հավանական զարգացումների հետ, քանի որ Պուտինի հետ կարող են «հեռանալ» եռակողմ հայտարարություններն Ալիեւի հետ միասին։
Նիկոլ Փաշինյանը պետք է դիմանա ճնշմանը։ Նշված պայմանագրերի ստորագրումը դառնալու է Հայաստանի կապիտուլյացիան։ Եվ եթե գերիների դիմաց քարտեզների տրամադրումն արդարացնում են «հումանիտար գործոնով», թեեւ կառավարությունը պետք է վեր լինի էմոցիոնալ-իրավիճակային լուծումներից, այս հարցում արդարացումներ չկան եւ չեն կարող լինել։
Միեւնույն ժամանակ, այդ մերժումն իր տակ պետք է ունենա Հայաստանի հայեցակարգային առաջարկն աշխարհին, այդ թվում Ռուսաստանին, թե զարգացումների ինչ այլընտրանք է տեսնում եւ պատրաստ է իրագործել Հայաստանը։ Մինչ այսօր նման հայեցակարգերը բացակայում են, իսկ «պողպատե մանդատի» շուրջ վերջնականապես անլրջացած իշխող մեծամասնությունը բացարձակապես համարժեք չէ ու նվազագույն պատկերացումներ չունի նման խնդիրների մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/06/653485/