Կրեմլը կպատասխանի «կոշտ և վճռական», եթե Վաշինգտոնը անբարյացակամ քայլեր ձեռնարկի Ռուսաստանին ենթադրաբար «ուղղման համար» տրված վեց ամսից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ինդոնեզական Rakyat Merdeka թերթին տված հարցազրույցի ժամանակ։
Հունիսի 16-ին Ժնևում կայացած ճեպազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենն ասել էր, որ իրենց հանդիպման իրական արդյունքը ցույց կտան առաջիկա վեց ամիսները: «Բոլոր այդ «նախազգուշացումները» սկսեցին ուղեկցվել սպառնալիքներով. եթե Ռուսաստանը «մի քանի ամսվա ընթացքում» չընդունի Ժնևում նշված «խաղի կանոնները», ապա նա կենթարկվի նոր ճնշման: Ուժի դրիքերից մեզ հետ խոսելու փորձերը ի սկզբանե դատապարտված են ձախողման», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ի՞նչ «խաղի կանոնների» ու խնդիրների մասին է նախազգուշացրել Բայդենը Պուտինին: Դատելով վերջին շաբաթների իրադարձություններից՝ Ռուսաստանն արդեն բախվում է խնդիրների, որոնք կարող են ճակատագրական դառնալ նրա համար:
Առաջին նախազգուշացումը Աֆղանստանից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումն է, թալիբների հարձակումը և ռազմական գործողությունների տեղափոխումը Տաջիկստանի հետ սահման, որտեղ կա ռուսական բազա: Դուշանբեն մոբիլիզացնում է 20 հազար զորք Աֆղանստանի հետ սահմանն ամրապնդելու համար: Երեկ Պուտինը հայտարարեց Տաջիկստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին ՝ «ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում»:
Պուտինը որոշում կայացրեց այն բանից հետո, երբ Տաջիկստանի և Ուզբեկստանի արտգործնախարարներին ընդունեցին Վաշինգտոնում: Բաքվի զինված ներխուժումներից հետո Հայաստանին մերժելը դարձավ ՀԱՊԿ փաստացի ավարտը, և Տաջիկստանն այլևս հույսը չի դնում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա:
Կկարողանա՞ Ռուսաստանը հաղթահարել այս փորձությունը: Ավելին, Թուրքիայի հետ «մրցակցության» նոր ճակատ է բացվում ՝ ԱՄՆ-ը Թուրքիային է փոխանցել Քաբուլի օդային դարպասների վերահսկողությունը:
Եվս մեկ փորձություն. Այսօր սկսում է Սերբիա-Կոսովո բանակցությունների վճռական փուլը, որի արդյունքը կարող է լինել փոխադարձ ճանաչումը և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության պայմանագրի կնքումը: Այս դեպքում Ռուսաստանն ամբողջովին դուրս կմղվի Բալկաններից:
Հայաստանը Պուտինի համար եւս մեկ թեսթ է: ԱՄՆ-ը և Եվրամիությունը ակտիվանում են Հարավային Կովկասում: Ռուսական զորքերի մուտքն Արցախ կարող է ունենալ նույն «էֆեկտը», ինչ 1999 թվականի հունիսին Պրիշտինայի օդանավակայանում ռուսական դեսանտի հայտնի վայրէջքը: Այն ժամանակ ռուս խաղաղապահները տեղակայված էին Կոսովոյում, բայց միայն այլ խաղաղապահ առաքելությունների պատասխանատվության գոտիներում, չնայած Ռուսաստանն ի սկզբանե պնդում էր տրամադրել առանձին հատված: Ռուս խաղաղապահները Կոսովոյում էին մինչ 2003 թվականը, երբ ռուսական զորամիավորումը (650 հոգի) դուրս բերվեց Կոսովոյից: Պուտինը, մեկնաբանելով Կոսովոյից ռուսական զորքերի դուրսբերումը, ասաց, որ «անիմաստ է այնտեղ մեր զորամիավորման առկայությունը, որը ոչինչ չի որոշում և չի կարող ազդել որևէ բանի վրա»:
Իրադարձությունները Արցախում հնարավոր է զարգանան նույն սցենարով, և Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը մինչև «խաղաղապահների» 5-ամյա ժամկետի ավարտը: «Խաղի կանոնները» վերադառնում են:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/06/653416/