Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ պետք է աշխատել իհարկե, որ Հայաստանի համար ԵՄ 1,6 միլիարդ եվրոյի օժանդակության մտադրությունը վերածվի որոշման և մտնի իրագործման փուլ: Իսկ դա ենթադրելու է բարդ աշխատանք, քանի որ անկասկած է խանգարողներ լինելու հանգամանքը:
Բայց, այդ ամենով հանդերձ, ներկայիս մտադրությունը, թերևս, ցույց է տալիս, թե Հայաստանն ինչից է զրկվել 2013 թվականին, երբ պարտադրվեց հրաժարում Եվրաասոցացման համաձայնագրից և անդամակցում եվրասիա-թյուրքական միությանը:
Ընդ որում՝ կա գնահատական, որ այդ Ասոցացման համաձայնագիրը չէր պարունակում անվտանգության բաղադրիչ: Այո՛, «նոմինալ» իմաստով դրանում անվտանգային ոլորտ գրեթե չկար: Բայց, անվտանգությունը միայն ոլորտային ուղիղ բաղադրիչները չեն:
Անվտանգությունը ձևավորվում է շահերի համալիրով, ինչպես բետոնը միայն ցեմենտը չէ, այլ նաև ավազն ու ջուրը, որոնք ինքնին թվում է, թե բացարձակապես չունեն կարծրություն և մեկը մյուսին քշում տանում է»: