Երեւանի քաղաքապետարանի առջեւ արդեն երեք շաբաթ անցկացվող նստացույցի մասնակիցները հայտարարություն են տարածել:

Վահագն Մինասյանի, Սուրեն Սահակյանի եւ Գոռ Առաքելյանի հայտարարության մեջ ասվում է. «Վերջերս հաճախացել են դեպքերը, երբ ուժային կառույցները, քրեական հեղինակությունները, պետական ապարատի կողմից հովանավորվող անձինք փորձում են ճնշումներ գործադրել մեր՝ նստացույցի մասնակիցների, աջակիցների, հարազատների վրա:

Հայտնում ենք, որ մեր պահանջների կատարմանը հետամուտ լինելու գործում վճռական ենք եւ ոչինչ, այդ թվում նաեւ մեր ծնողների ու հարազատների վրա ազդելու փորձերը չեն կարող փոխել մեր դիրքորոշումը: Դատապարտում ենք նման գործելաոճը եւ հայտարարում, որ հետամուտ ենք լինելու, որպեսզի բացահայտվեն եւ հրապարակվեն այն անձանց եւ կառույցների անունները, ովքեր փորձ կանեն ճնշումներ գործադրել, սպառնալ մեզ, մեր հարազատներին եւ աջակիցներին, միջամտել նրանց անձնական կյանքին եւ/կամ խաթարել նրանց առօրյան:

Մարդկանց, որոնք փորձում են ստվերային եւ քողարկված կերպով ազդեցություն ունենալ մեզ վրա, հիշեցնում ենք, որ մենք, առաջնորդվելով բացառապես իրավունքի գերակայությամբ եւ ոչ բռնի պայքարի մեթոդներով, նպատակ ունենք օրինախախտ եւ քրեական վարքագիծ դրսեւորող պաշտոնյաների պաշտոնանկության միջոցով հասնել օրինականության հաստատմանը»: