Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Թուրքիայի նախագահի նախկին մտերիմներից մեկը՝ Սեդաթ Պեկերը Յութուբում հրապարակել է իր տեսանյութերից ութերորդը, որում պատմում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը տեղյակ է եղել բազմաթիվ կազմակերպությունների գործունեության մասին։ Պեկարը մասնավորապես հայտնել է, որ իր անունից ուղարկված բեռնատարներով տոննաներով զենք է ուղարկվել Սիրիայում գործունեություն ծավալող ջիհադական Ալ-Նուսրայի զինյալներին։ Պեկարը պատմել է նաև, որ Թուրքիան ռազմական օգնություն է հատկացրել Ադրբեջանին կաշառքների դիմաց, որոնք ուղարկվել են որոշակի անձանց բանկային հաշիվներին։

Բաքվի հանցախմբի ղեկավար Ալիեւի դեպքում այս բացահայտումները նորություն չեն. ԵԽԽՎ-ում, այլ միջազգային կառույցներում ու միջպետական հարաբերություններում բացահայտված կոռուպցիոն սկանդալները Ալիեւի նման գործունեության ընդամենը մի մասն են: Բնական է, որ Հայաստանի դեմ «հաղթանակը» պետք է իր գինն ունենար: Իսկ այդ «հաղթանակն» ապահովել են Ռուսաստանն ու Թուրքիան, դա խոստովանել են Ռուսաստանի ու Թուրքիայի առաջին դեմքերը եւ մասնավորապես նախագահները, ԱԳ եւ պաշտպանության նախարարները:

Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ Թուրքիայի հետ «սիներգիայի սկզբունքով» աշխատող մոսկովյան կլեպտոկրատական ռեժիմը նույնպիսի «սիներգիա» պետք է ակնկալեր նաեւ փողի հարցում: Այս տարվա սկզբին համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ալիեւը 10 միլիարդ դոլար է վճարել ՌԴ ղեկավարությանը՝ հայերի «երաշխավորված» պարտությունը կազմակերպելու համար: Նշվում էր, որ այդ գումարները փոխանցվել են Պուտինի մտերիմ ընկերոջ՝ Իլհամ Ռահիմովի միջոցով, դրանց մի մասը վճարել են ՌԴ-ում աշխատող ադրբեջանցի բիզնեսմենները, մասնավորապես՝ Գոդ Նիսանովը, ով, ըստ ռուսական զլմ-ների բացահայտումների՝ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինի «դրամապանակն է»:

Հետաքրքիր է, որ նույն ժամանակահատվածում ռուսական «արտահոսքեր» եղան Ալիեւի կողմից ժամանակին Սերժ Սարգսյանին, ապա Նիկոլ Փաշինյանին փողի առաջարկների մասին:

Այստեղ առանձին հիշատակման արժանի է զենքի միջազգային խոշոր առեւտրական, Ռոստեխ պետական ​​կորպորացիայի ղեկավար Չեմեզովը, ով Պուտինի նեղ շրջապատից է եւ թերեւս ամենամտերիմը: Նրա եւ Ալիեւի օֆշորային գործարքների վերաբերյալ լրագրողական հետաքննությունն՝ այստեղ: 2016-ի ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նա էր կանգնած Հայաստանի համար նախատեսված զենքի մատակարարումների ուշացման հետեւում: Չեմեզովը առանցքային դեր է խաղում Իսրայելի հետ Բաքվի գործարքներում:

Իհարկե, փողն առաջնային պատճառը չէ, բայց Լավրովի պլանն իրագործելու եւ Բաքվի «հաղթանակն» ապահովելու համար Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարությունը կարող էին համատեղել «հաճելին ու օգտակարը»:

https://www.lragir.am/2021/05/31/645405/