Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ոչ ոքի արդյունքով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում։ Որակավորման առաջին փուլի առաջին խաղում ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Ուելսի «Կոնաս Կի Նոմադսին»։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին։

19-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը 31-ամյա անգլիացի հարձակվող Քրեյգ Քարանի գոլի շնորհիվ։


Առաջին խաղակեսում երեւանյան թիմից դուբլի հեղինակ դարձավ 28-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն, որն աչքի ընկավ 21-րդ եւ 45-րդ րոպեներին։

79-րդ րոպեին 39-ամյա անգլիացի պաշտպան Ջորջ Հորանի գոլը «Կոնաս Կի Նոմադսին» փրկեց պարտությունից։

Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա հուլիսի 14-ին։

«Ալաշկերտը» որակավորման առաջին փուլում «Կոնաս Կի Նոմադսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Շերիֆ» (Մոլդովա) - «Տեուտա» (Ալբանիա) զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղում «Շերիֆը» Ալբանիայում հաղթանակ է տարել 4։0 հաշվով։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Կոնաս Կի Նոմադս» (Ուելս) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 2։2

Քրեյգ Քարան, 19, Ջորջ Հորան, 79 - Դավիթ Խուրցիձե, 21, 45