Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը շնորհավորել է նրան «ընտրությունների արդյունքների կապակցությամբ»: «Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման», ասել է Պուտինը, հավելելով, որ այդ դժվար ու սուր հարցերը «մեր որոշումների կարիքն ունեն»:
Դժվար ու սուր հարցերը Կրեմլի տեսակետից Լավրովի պլանի ընդլայնված կիրառումն է Հայաստանի մասնատման, երկրի հարավն օտարելու, ռուսական ռազմական ներկայության ճակատային գիծը կամ ռուս-թուրքական «նոր սահմանը» Խոզնավար-Սոթք գծով հաստատելու ուղղությամբ: Այս աշխատանքներն ընթացքի մեջ են, Մոսկվան դրանք հռչակել է իր առաջնահերթությունները եւ փորձում է Հայաստանից կորզել «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրեր Բաքվի հետ՝ իր ծրագրերը լեգիտիմացնելու համար:
Հայաստանի համար դժվար ու սուր հարցերը՝ անվտանգություն, Բաքվի ներխուժումներ, գերիներ, Արցախի կարգավիճակ եւ այլն, Մոսկվային չեն հետաքրքրում, եւ այդ մասին ՌԴ առաջին դեմքերը մեկ անգամ չէ, որ հայտարարել են: Ավելին, դրանք լրացուցիչ ճնշման լծակ են Մոսկվայի ու Բաքվի ձեռքին՝ Հայաստանին այդ պայմանագրերը պարտադրելու համար:
Պուտինն իր խոսքում լիովին բացել է ռուսական ծրագրերի փակագծերը, եւ այստեղ բանալի-բառը «զարգացումն» է՝ Հայաստանի «հետագա զարգացումը» Արցախի ու խաղաղության պայմանագրի դիմաց, որի համար Փաշինյանը ստացել է «ժողովրդի վստահությունը»: Մոսկովյան այս առաջարկ-թեզը հատկապես հանդիպման նախօրեին ակտիվ շրջանառում էին ռուսական զլմ-ներն ու Բաքվի գլխավոր օֆիցիոզը, որը վաղուց վերածվել է Հայաստանի ուղղությամբ Կրեմլի մշակումների տիրաժավորման հարթակի: Այս քարոզչությունը կառավարվում է մեկ կենտրոնից, եւ դա արդեն չի էլ թաքցվում:
Հասկանալի է, որ «խաղաղության հաստատումն ու ապաշրջափակումն» ընդամենը բառեր են, ավելի ճիշտ՝ դրանք առաջարկվում է իրագործել Մոսկվայի ու Բաքվի պայմաններով, որը բացառում է Հայաստանի որեւէ զարգացում. կենսական տարածքներից, ինքնիշխանությունից ու անվտանգության ռեսուրսներից զուրկ երկիրը չի կարող զարգանալ:
Ի՞նչ որոշումներ են կայացրել Պուտինն ու Փաշինյանը: Ի՞նչ է մտադիր անել ընտրության արդյունքը վիճարկող Քոչարյան-Սարգսյան ընդդիմությունը, որին Կրեմլը ցանկանում է տեսնել բավական նվաստ դերում ՀՀ նոր խորհրդարանում: Ինչի՞ է պատրաստ հանրության զգալի մասը, որը չի քվեարկել մոսկովյան ծրագրերի օգտին:
Պուտինին քիչ ժամանակ է մնացել, եւ նա ձգտում է մինչ այդ փակել «Կովկասյան ճակատը»: Իրավիճակը բարդ է, բայց եւ՝ ոչ անհուսալի, ավելին՝ դիմադրության մեծացող հնարավորություններով: Խնդիրն այն է, որ հայկական քաղաքական դասն ընդունակ չէ իրավիճակի համարժեք ընկալումների եւ գոնե մեկ քայլ այն կողմ ծրագրելուն:
«Սուր ու դժվար» հարցերը կարող են վերաբերել ինչպես ռուս-թուրքական ծրագրերին հնազանդվելուն, այնպես էլ դրանք լիովին մերժելուն, որի համար կա ժողովրդի վստահությունը: Խորհրդարան անցած ուժերն ուղիղ ու հավասար պատասխանատվություն են կրում «սողացող գործընթացի» համար:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/08/653802/