Մայրաքաղաքում բնականոն երթեւեկության կազմակերպման եւ նաեւ անվտանգության  բարձրացման նկատառումով տարեսկզբից   իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մինչ օրս համապատասխան գծանշումներ են ապահովվել գլխավոր ու երկրորդական` 70 փողոցներում: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` հատուկ ուշադրություն է դարձվել փողոցներին հարակից դպրոցների տարածքի գծանշմանն ու վարորդներին կրթական հաստատության մասին տեղեկացնող ճանապարհային նշանների տեղադրմանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե տեղադրվել են, ընդհանուր առմամբ, ճանապարհային 359 նոր նշաններ, ինչպես նաեւ քաղաքի մշակութային օջախների գտնվելու վայրի ու հեռավորության մասին ցուցանակներ: Փոխարինվել եւ վերականգնվել է 52 վնասված ճանապարհային նշան։ Վերազինվել եւ նոր լուսացույցներով են կահավորվել Էրեբունի-Ազատամարտիկների, Շիրակի-Արարատյան, Շիրակի-Շարուրի, Ռոստովյան-Նորաշենի, Արին-Բերդի-Արցախի, Բագրատունյաց պող.-Թադեւոսյան եւ Բագրատունյաց պող.-Տարոնցու փողոցների խաչմերուկների լուսանշանային հատվածները: Հիմնական կարգավորման ռեժիմով է գործարկվել Կուստոյի-Սասունցի Դավթի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի լուսացուցային տեղամասը։ Թվարկված բոլոր ուղղություններով աշխատանքները դեռեւս շարունակվում են: