Այսօր մսի հայտնի այլընտրանքները չեն կարող լիովին փոխարինել այն մարդու սննդակարգում: Այս մասին հաղորդվել է Scientific Reports ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Ըստ Medportal.ru-ի՝ նոր ուսումնասիրության համար Դյուկի համալսարանի գիտնականները համեմատել են մսի բուսական փոխարինիչներից կոտլետների 18 նմուշներ եւ մսից (խոտով կերակրված տավարի) 18 կոտլետներ: Բուսական փոխարինողներից պատրաստված արտադրանքի պիտակի վրա նշված են եղել մսի մեջ առկա 13 նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր եւ վիտամիններ:


Հետազոտության հեղինակներին առաջին հերթին հետաքրքրում էին այն բաղադրիչների բնութագրերը, որոնք պիտակի վրա նշված չեն եղել: Նրանք եփելուց հետո ստուգել են կոտլետների բաղադրությունը եւ որոշել դրանցում 190 սննդանյութերի կոնցենտրացիան: Ինչպես պարզվել է, մսի եւ դրա փոխարինիչների մեջ 171 նյութի պարունակությունը զգալիորեն տարբերվում է: Դրանցից 22-ը պարունակվում էր միայն մսամթերքում, իսկ 31-ը` միայն բուսական մթերքներում:

Մսի մեջ ավելի մեծ քանակությամբ հայտնաբերված նյութերի թվում էին կրեատինը, սպերմինը, գլյուկոզամինը, անսերինը, դոկոզահեքսանենաթթուն (օմեգա-3 թթու) եւ մի շարք այլ նյութեր: Փորձագետների կարծիքով՝ այս միացությունները «ունեն պոտենցիալ կարեւոր ֆիզիոլոգիական, հակաբորբոքային եւ իմունոմոդուլացնող դերեր»:

Մսի փոխարինիչներից կոտլետները ավելի հարուստ էին ֆիտոստերոլներով եւ ֆենոլներով, որոնք ունեն հակաօքսիդիչ գործունեություն եւ կարող են օգնել արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցմանն ու թեթեւացնել բորբոքումները:

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ կենդանական եւ բուսական մթերքները լավ են լրացնում միմյանց, քանի որ դրանք մարդուն ապահովում են տարբեր սննդանյութերով: Սակայն մեկը մյուսով փոխարինելը լավ գաղափար չէ: