Երեւանում հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մեր օրակարգում հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը: Եվ պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ էության, արձանագրելով այդ օրակարգը, որպես աշխատանքային օրակարգ: Եվ մենք պետք է այստեղ նույնպես մեր անելիքները ճշգրտենք, նոր իրադրության մեջ փորձենք որոշակի ռազմավարություն որդեգրել և մեր նպատակներին հասնելու ուղիները մատնանշել», ասել է Նիկոլ Փաշինյանը:


«Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է: Եվ, բարեբախտաբար, կարգավիճակի առումով սկզբունքն ինչպիսին եղել է մինչ պատերազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից օրակարգային փոփոխություն չի կրել: Մենք պետք է ձգտենք, որ դա մնա օրակարգում: Ձեր բոլոր հայտարարությունները, մեր հայտարարությունները, որ Արցախի անկախության ճանապարհը քննարկման ենթակա չէ, վկայում է այն մասին, որ պետք է շարունակենք մեր պայքարը», ասել է Արայիկ Հարությունյանը:


Փորձենք, ձգտենք, ճշգրտենք, մատնանշենք, Մինսկի խումբ, Արցախի կարգավիճակ… Տպավորություն է, որ Նիկոլն ու Արայիկը «մուկն ու կատու» են խաղում, ընդ որում՝ վաղուց, իսկ հետպատերազմյա շրջանում էլ արդեն բացահայտ է Մոսկվայի հանգամանքը: Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին հրավիրել է Մոսկվա այցից հետո, որտեղ Պուտինի հետ քննարկվել են սուր ու բարդ հարցեր, իր հերթին Արայիկ Հարությունյանն էլ պարբերաբար Մոսկվա է մեկնում՝ «ցուցումներ ստանալու», ինչպես արտահոսում են զլմ-ները: Գումարած Վիտալի Բալասանյանը, որը թեեւ դադարել է Մուրադովի անունից հույսեր տարածելը, բայց պահում է դիրքերը:

Այս համատեքստում էլ գուցե պետք է դիտարկել նույն կարգավիճակի խնդիրը: Վերոբերյալ մեջբերումներից հարց է առաջանում՝ մինչեւ ե՞րբ են «փորձելու, ձգտելու, ճշգրտելու, մատնանշելու», մինչեւ այդ հարցն ինքնին դո՞ւրս մղվի միջազգային օրակարգից: Իսկ գուցե արժե՞, որ Արցախի խորհրդարանը դիմի ՀՀ խորհրդարանին՝ քննարկելու Արցախի կարգավիճակի հարցը եւ համապատասխան որոշում ընդունելու, հետո էլ՝ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Ռուսաստանին՝ նման պահանջով: Առավել եւս, որ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատներն արդեն ընդունել են Արցախի ճանաչման անհաժեշտության մասին բանաձեւը, նման բանաձեւ է շրջանառվում նաեւ ԱՄՆ Կոնգրեսում: Հայաստանը պետք է ընդառաջ քայլեր անի:

Ռուսաստանը դեմ է կարգավիճակին եւ ամեն ինչ անում է այդ հարցը «բնական» ճանապարհով փակելու համար: Բայց դա ոչ թե խոչընդոտ, այլ լրացուցիչ խթան պետք է լինի Երեւանի ու Ստեփանակերտի համար՝ անդառնալի գործընթացները կանխելու եւ շրջելու ճանապարհին: Ռուսաստանն արդեն լիովին բացահայտել է իր թշնամական քաղաքականությունը, եւ կարգավիճակի հարցում Երեւանի ու Ստեփանակերտի որոշումները մնում են միակ քայլը, որը միջազգային աջակցություն կստանա:

Եռակողմ հայտարարությունը կապիտուլյացիա չէր, այլ ժամանակավոր նահանջ: Կապիտուլյացիան այն պայմանագրերն ու որոշումներն են, որոնք ներկայում Մոսկվան փորձում է պարտադրել Հայաստանին: Ինչո՞վ են զբաղված Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը. Մոսկվան նրանց չի փրկելու, փոխարենը պատմական բացառիկ հնարավորություն ունեն շրջելու իրավիճակը:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/10/654273/