Եվրո-2020-ի եզրափակչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցաշարի հաղթողի տիտղոսն էին վիճարկում Իտալիայի և Անգլիայի հավաքականները։
Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին․ հեռահար հարվածով անգլիացիների պաշտպան Լյուկ Շոուն գնդակն ուղարկեց դարպասի աջ անկյունը և թիմին հանդերձարան ուղարկեց հաղթողի կարգավիճակով։
Իտալացիները, սակայն չընկճվեցին ու մեկը մյուսի հետևից հուժկու հարվածներ էին հասցնում Փիքֆորդի դարպասին, որոնցից միայն մեկը հասավ նպատակակետին։ 67-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մոտ տարածությունից անգլիացիների դարպասը գրավեց իտալացիների պաշտպան Լեոնարդո Բոնուչին։
Հիմնական ժամանակի մնացած մասում գոլեր այլևս չարձանագրվեցին ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ ևս խաղացողները չկարողացան գտնել մրցակից թիմի դարպասը տանող ճանապարհն ու պատմության մեջ երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով։
Իտալացիների կազմում Բելոտիի հարվածը հետ մղեց Փիքֆորդը, իսկ Անգլիայի կազմում Ռեշֆորդի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին ու հետ մղվեց, իսկ Ջանլուիջի Դոնարուման հետ մղեց Ջեյդոն Սանչոյի հարվածը, իսկ հաջորդիվ գնդակին մոտեցած Ժորժինյոյի հարվածից հետո հիանալի գործեց Փիքֆորդն ու հետ մղեց գնդակը, բայց Սակայի հարվածից հետո Դոնարուման տիրեց գնդակին ու Իտալիան հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։