«Բարև Երևան»-ի անդամ   Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է  տեղադրել, որով դիմում է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանին:

Գրառման մեջ ասվում է.

«Հարգելի պարոն Ավետիսյան, ֆեյբուքյան ասուլիսի ժամանակ Դուք չպատասխանեցիք իմ այն հարցին, թե 2013թ. հունվարին բուհի կառավարման խորհրդին 2012թ. հաշվետվությունը ներկայացնելիս ներկայացրե՞լ եք բյուջեի այն ճեղքվածքը, որը կամ առաջացել էր կամ առաջանալու էր այդ նոր լաբորատորիաների շահագործման ու պահպանման ծախսերի պատճառով, ինչպես ներկայացրեցիք ասուլիսում: Այն ինչ ասեցիք ասուլիսում,պետք է ասեիք Ձեր խորհրդի նիստում, որը պետք է արձանագրվեր և եթե այսօր Դուք այն հրապարակեիք, ես ինքս կասեի, որ Ճարտարագիտական համալսարանում վարձավճարի բարձրացման որոշումն ընթացել է օրինական ձևով, սակայն այդպես չի եղել, որովհետև արձանագրությունը չեք հրապարակել: Ասելիքս վերաբերում է բոլոր բուհերին, որտեղ վարձավճարները բարձրացվել են: Գիտեք, տպավորությունս այնպիսին է, որ վարձավճարները բարձրացնելուց հետո բուհերը սկսել են գտնել թանկացնելու հիմնավորումները, որը մեղմ ասած, ազնիվ և համոզիչ չէ: 

Մասնավորապես ուսումնասիրել եմ ԵՊՀ-ի կանոնադրությունը, որը համարյա նույնն է բոլոր բուհերի համար: Իհարկե բուհի կառավարման խորհրդի լիազորությունների մեջ գրված չէ կոնկրետ վարձավճարների բարձրացման մասին որոշում կայացնելու կետը,որին հղում են անում ռեկտորները, սակայն գրված է, որ խորհուրդը քննարկում և հաստատում է բուհի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը /կետ 16/, իսկ վերոնշյալ բուհերի ռեկտորները չեն ներկայացրել 2013թ. սեպտեմբերց նախատեսվող բարձրացված վարձավճարների մուտքերը, ուրեմն այն խորհրդով չի հաստատվել, նաև Կանոնադրության 69-րդ կետում գրված է, որ բուհի եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան է,որը հաստատում է Կառավարման խորհուրդը: 

Նշանակում է, որ 2013 թ. հունվարին հաստատված նախահաշվով բուհերը չեն նախատեսել վարձավճարների բարձրացում, ուրեմն սա կամայական որոշում է վարձավճարները բարձրացրած բուհերի կողմից: Որպես Մանկավարժական համալսարանի խորհրդի անդամ վկայում եմ, որ հունվարին կայացած ՀՊՄՀ-ի խորհրդի նիստում նման առաջարկ չի եղել ռեկտորի կողմից և վարձավճարներն այս բուհում չեն բարձրացել:

Ցավոք, միայն բուհերը չեն, որ նման կամայական թանկացումների են գնում, նույնը եղավ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման պարագայում: Առանց պատշաճ հիմնավորման մեր երկրում թանկացվում են ապրանքները, ծառայությունները:Եթե հասարակությունն արձագանքում է, այսինքն կուլ չի տալիս թանկացումը, դրանից հետո սկսում են փնտրել հիմնավորումներ, որոնք ավելի են հաստատում թանկացման անտրամաբանական ու կամայական լինելը:

Կարճ ասած, ուսանողական վարձավճարների թանկացման հիմնավորումներն անօրինական են: Այստեղ է ասում ժողովուրդը, ռեկտորները նախագահական ընտրություններց առաջ մի գիշեր քնեցին, երազ տեսան ու արթնացան վարձավճարները բարձրացնելու որոշումով»: