2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արշակ Մելիքյանի մանկահասակ որդին՝ Տիգրանը, որը նոր-նոր է բառեր արտաբերում, դիպչելով հոր նկարին՝ «պապա» է ասում։ Երեխան ծնվել է հոր մահից հետո։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հերոսի կինը և փոքրիկի մայրը՝ տեղադրելով տեսանյութ․
«Մեր Տիգրանը էսօր առաջին անգամ ասեց՝ ՊԱՊԱ... Փոքրիկը ծնվեց հերոս հայրիկի զոհվելուց հետո»,-գրել է Նարինե Խաչատրյանը։
Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնել էր առաջնագիծ, մասնակցել Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ)՝ ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ եւ հերոսաբար զոհվել էր հոկտեմբերի 6-ի առավոտյան։
Արշակի զոհվելուց շուրջ երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 23-ին, լույս աշխարհ է եկել նրա որդին, որին, կատարելով Արշակի ցանկությունը, կոչել են Տիգրան պապիկի անունով։