«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանում ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարի հարցի, թե արդյոք հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի դեպքերի մասին հիշողություններն ազդել են ընտրողի դիրքորոշման վրա, նախկին հանցագործ իշխանությունների սյուներից Դավիթ Հարությունյանն անհանգիստ շարժումներ արեց և հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ը նախկին իշխանությունների հետ կապելն անբարոյականություն է։
Ինչու է այդքան համոզված ու անսասան կարծիք հայտնում մեր «հրաշամանուկը», երբ կազմակերպիչների մասով անջատված մասի նոր քննության կազմակերպումն օրակարգային հարց է։
Սա այն առանցքային դեպքերից մեկն է, որից վախենում են Քոչարյանը և Սարգսյանը, հակառակ դեպքում ժամանակին չէին խանգարի դատավարությանը, որի ականատեսն եմ եղել։
Ամբողջ իրավական համակարգն Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ 2001-2003 թվականների դատավարության ժամանակ լծված էին հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին թաքցնելու հանցավոր գործընթացին»։