Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պետություններին հրաժարվել լիարժեք պատվաստված (այսինքն՝ 2 դեղաչափ ստացած) քաղաքացիներին երրորդ դեղաչափի ներարկումից, քանի դեռ աղքատ երկրները չեն ստացել առաջին երկու դեղաչափերը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, շատ երկրում մինչ օրս չեն պատվաստվել նույնիսկ վարակակիրների հետ աշխատող բուժաշխատողները և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներ, մինչդեռ որոշ երկրներ արդեն երրորդ դեղաչափի միլիոնավոր պատվերներ են տվել։
ԱՀԿ ղեկավարը կոչ է արել պատվաստանյութեր արտադրող ընկերություններին արտադրանքը տրամադրել բաշխման COVAX միջազգային ծրագրին։