Օրերս իշխող մեծամասնության պատգամավորներից մեկը հայտարարեց, թե ԱԳՆ գործառույթները կատարում է վարչապետի աշխատակազմը: ԱԳՆ-ն ղեկավար կազմ ներկայում չունի՝ Փաշինյանի քաղաքականության պատասխանատվությունը չցանկացավ կիսել՝ նախարարն ու տեղակալները հեռացան: Տարօրինակ է, որ նույն մեծամասնության պատգամավորներից շատերը նրանց մեղադրում են դասալքության մեջ, այնինչ նկատելի էր ՔՊ՝ նրանց հեռացնելու ձգտումը:
Զուգահեռ մամուլում երբեմն-երբեմն տեղեկություններ են սպրդում նոր նախարարի թեկնածուների, ԱԳՆ-ում կառուցվածքային ինչ-որ փոփոխությունների մասին: Տեղեկատվական խճից կազմվում է ընդհանուր պատկերը՝ կառավարությունը չունի որեւէ թեկուզ մոտավոր հայեցակարգ: Դա լավագույնս ցուցադրեց պարեկային ծառայության «բարեփոխումը»: Եթե չգիտես ինչ անես՝ ստեղծիր հանձնաժողով, կամ փոխիր գործող կառույցների անունները, եթե իհարկե դրանք դեռ կան՝ ահա բարեփոխումների ողջ «բովանդակությունը»:
Այս համատեքստում առարկայական առաջարկ է ԱԳՆ-ն ԿԳՄՍ նախարարությանը ենթարկելը: Ենթարկման միակ խոչընդոտն այն է, որ նույնիսկ Հայկական ԽՍՀ ժամանակ ԱԳՆ-ն առանձին նախարարություն էր, չնայած նույնպես որեւէ արտաքին քաղաքական գործառույթ չուներ՝ այսօրվա նման Մոսկվան էր խաղի տերը:
Ինչ վերաբերում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակին, առաջարկ կա վերադարձնել ԱՕԿՍ-ը, ինչն ավելի համահունչ է պատմական պահին եւ հայկական ոգուն: Այդ պարագային բազմաչարչար երգահան Սմբատյանի հարցն էլ կլուծվի, ում ներկայում մեղադրում են շենքն անօրինական օտարելու համար: Շենքը կամավոր կհանձնի ու չի ընկնի ապօրինի գույքի, այն էլ հուշարձանի, բռնագանձման տակ:
Ինչ վերաբերում է Բաքվի հետ հարաբերություններին, ապա լավագույն ելք է համարվում խնդիրը պաշտոնապես փոխանցել դաշնակից ՌԴ կառավարությանը՝ հետագա պատասխանատվությունից խուսափելու համար: Այս գաղափարին Մոսկվան երկու ձեռքով կողմ է, սակայն կտրականապես առարկում է Բաքուն, որը պահանջում է պահպանել հայկական ԱԳՆ-ն եւ խաղաղության դաշնագիր կնքել հենց ՀՀ հետ:
Խորհրդային անեկդոտը հարցնում էր, թե Ադրբեջանի ինչին է պետք Մշակույթի նախարարությունը: Հեգնանք է, բայց իրականություն. Հայաստանին մշակութայի հարցերով գերատեսչությունը պետք եկավ ԱԳՆ-ն կուլ տալու համար: Դեռ հույս կա, որ խնդիրների բեռի տակ ճգնող Փաշինյանը չի շտապի ԱՕԿՍ-ի հարցում եւ ԱԳՆ վերաենթարկեցման խնդիրն էլ կթողնի գալիք սերունդներին: Ժողովուրդը պետք է դա էլ հասկանա:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/13/654629/