Պաշտոնական Երեւանը չարձագանքեց երկու իրադարձության, որոնք տեղի ունեցան Փաշինյանի Մոսկվա այցին զուգահեռ: Ալիեւը ստորագրեց այսպես կոչված «Ադրբեջանի» նոր տնտեսական գոտեվորման մասին հրամանագիրը, որն անկասկած միտված է առաջիկա տարածքային-վարչական բաժանմանը: Հրամանագրով Արցախին կցվում են շրջակա տարածքները, որոնց ՀՀ հարող մասն անվանվում է Արեւելյան Զանգեզուր: Մյուս իրադարձությունը Բաքվում հավատարմագրված դեսպանների ու կրոնական համայնքների ներկայացուցիչների այցն է Շուշի եւ Արցախի այլ շրջաններ:
ՀՀ ԱԳՆ գոյություն չունի, մեկնաբանում են զլմ-ներն ու փարձագետները, իսկ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն ասում են, թե դրա գործառույթները կատարում է վարչապետի աշխատակազմը: ԱԳՆ ղեկավարությունը հեռացավ կառավարության քաղաքականությանն անհամաձայնության պատճառով: Մամուլը գրում էր, որ ԱԳՆ ղեկավարությունը հաճախ գործում էր «սեպարատ» ռեժիմով, փորձելով օրակարգում պահել հայկական շահերն ու իրավունքները, ինչը տարաձայնություններ էր առաջացնում վարչապետի աշխատակազմի հետ:
Փաշինյանի մոսկովյան այցին Պուտինը ճանաչեց Փաշինյանի «պողպատե մանդատը», իսկ եթե ավելի առարկայական բնութագրենք՝ շնորհեց այդ մանդատը մոսկովյան սցենարով ու քվոտաներով իրականացված ընտրությունների արդյունքում: Դա Մոսկվայի պողպատե մանդատն է, որի պայմանները Պուտինը ներկայացրեց հանդիպմանը՝ «սուր եւ դժվար որոշումների կայացում ժողովրդական վստահությամբ» եւ խորհրդարան անցած ուժերի «պարեկությամբ»: Խորհրդարան անցած ուժերի խորհրդանիշները՝ մուրճ, մանգաղ եւ հնգաթեւ աստղ, բնորոշում են մոսկովյան սցենարի էությունը:
Ինչ է ենթադրում «պողպատե մանդատը». բանակի ենթարկում եւ արտաքին քաղաքականության պատվիրակում Մոսկվային: Հատկանշական է, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնի հավանական թեկնածուն փոխվարչապետ, «ապաքաղաքական» Մհեր Գրիգորյանն է, որը հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթի բանակցողն է: Այսինքն, բանակի ու ԱԳՆ գործառույթները պետք է մնան եռակողմ փաթեթի իրականացման շրջանակում, բացառելով հայկական ռազմական ու արտաքին քաղաքական նախաձեռնությունները:
Փաշինյանի մոսկովյան այցի նախօրեին ու հաջորդող օրերին ռուսական եւ «ադրբեջանական» օֆիցիոզը, որոնք աշխատում են համակարգված, Արցախի ոչնչացման եւ ՀՀ ինքնիշխանության սահմանափակման իրականացվող եւ նախատեսված ծրագրերը ներկայացնում են ամենայն հստակությամբ: Հայկական քաղաքական դաշտում «պողպատե մանդատի» վերաբերյալ մեկնություններն ու ընկալումները կարելի է վերագրել թե ներքին դերակատարների քաղաքական խորացող անհամարժեքությանը, թե այն խնամքով լռության մատնելու փորձերին, ինչը չի փոխում իրավիճակը:
Թե եռակողմ փաթեթը, թե «պողպատե մանդատը» կարելի է շրջել հակառակ ուղղությամբ՝ այստեղ է կառավարության ու ներքաղաքական դերակատարների ուղիղ պատասխանատվությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/13/654704/