Հուլիսի 13-ին, ժամը 03.50-ի սահմաններում, պարեկային ոստիկանության՝ հերթափոխում ընդգրկված ծառայողները օպերատիվ կառավարման կենտրոնից հրահանգ են ստացել «Լեքսուս» մակնիշի մեքենայի հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ:
Պարեկների կարգախումբը Արցախի փողոցում նկատել է մեծ արագությամբ ընթացող «Լեքսուսը» և փորձել կանգնեցնել, սակայն վարորդը չի ենթարկվել հրահանգին, ինչի պատճառով պարեկները սկսել են հետապնդել: Մեծ արագությամբ ընթացող «Լեքսուսը» Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում շրջադարձ կատարելիս ընկել է կողասահքի մեջ և բախվել պարեկային ավտոմեքենային՝ վնասելով այն:
«Լեքսուսի» վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է վարորդի ինքնությունը: Պարզվել է նաև, որ մեքենան կողոպուտի հատկանիշներով հարուցված քրեական գործով հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից:
«Լեքսուսը» տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: