Բաքվի ագրեսիայի նոր ալիքը՝ Տիգրանաշենի ուղղությամբ առաջ շարժվելու փորձերն ու Երասխի ուղղությամբ հրաձգությունը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որակեց որպես լարվածության նոր օջախների ստեղծում: Հուլիսի 16-ի առավոտյան կրկին կրակել են Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Բաքուն սրում է իրավիճակը, մինչ միջազգային հանրությունը պնդում է ԵԱՀԿ շրջանակներում Մինսկի գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը: ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Լե Դրիանը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին: Պետդեպարտամենտը վերահաստատել է իր աջակցությունը խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո. «ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա»:
Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդիրը լուծված է, Ղարաբաղ որպես տարածքային առանձին միավոր չկա, իսկ եթե Հայաստանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել, ապա ավելի վատ նրա համար: Բաքուն բոլոր միջոցներով փորձում է լեգիտիմացնել ահաբեկչական պատերազմի արդյունքները: Բայց Բաքվում հավատարմագրված երկրների դեսպաններին Շուշի հրավիրելը «դաս» դարձավ շատ պետությունների համար, որոնք համոզվեցին, որ ոչինչ ավարտված չէ: Բացի այդ, այս այցի արձագանքը Հայաստանի արտգործնախարարությանը ստիպեց հայտարարել, որ Շուշին հայկական է, իսկ Ֆրանսիան և ԱՄՆ-ը նախատում են Հայաստանին Մինսկի գործընթացում լիարժեք «ներգրավվածությունը» չվերականգնելու համար:
Մեխանիզմը գործարկվել է, և Երևանն ու Բաքուն, որոնք փորձել են հարմարավետ տեղավորվել ռուս-թուրքական սխեմայի մեջ, ստիպված կլինեն «ցավոտ ընտրություն» կատարել: Տասնյակ հազարավոր զոհերի գնով «հաղթանակից» հետո Ալիևը պետք է որոշի՝ նոր պատերազմ, թե Մինսկի գործընթաց: Իսկ Փաշինյանը պետք է ընտրություն կատարի «ռուսական երաշխիքների» ու լեգիտիմ միջազգային անվտանգության համակարգի միջև։
Ալիևը նախընտրում է ագրեսիան՝ որպես պատերազմի արդյունքը լեգիտիմացնելու միջոց: Դատելով Նիկոլ Փաշինյանի ելույթներից՝ նա չի ցանկանում վերադառնալ Մինսկի գործընթաց:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/16/655577/