Իրականությունն այնպիսին է, որ մենք գտնվում ենք համապարփակ ճգնաժամի մեջ: Ճգնաժամի մեջ ենք բոլորս և բոլոր ուղղություններով, իրավականը բացառություն չէ: Այս մասին այսօր «Հայաստանի իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը:
«Եթե մենք Սահմանադրական դատարանում լսեինք այն մարդկանց ելույթները, ովքեր, ենթադրվում է, որ պետք է բարձր իրավագիտակցությունը որպես մինիմալ չափիչ ունենան, հստակ կլիներ, որ մենք ունենք իրավական դեֆիցիտ»,- ասաց նա:
Մասնավորեցնելով՝ Մկրտչյանը մատնանշեց ԿԸՀ-ում ԱԺ արտահերթ ընտրությունների անվավերության վիճարկման վարույթից դրվագ, երբ ԿԸՀ նախագահը, բանախոսի որակմամբ, պաշտոնական դիրքորոշում հայտնեց:
«Ինչու պաշտոնական, որովհետև ինքը դա արել է վարույթի ընթացքում, երբ ըստ էության հանդիսանում էր պաշտոնյա-հանրային ծառայող: Ասաց, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը լուրջ գործընթաց է: Ես այդ մասով իր հետ համաձայն եմ: Ու շարունակեց, որ այն ամենևին տեխնիկական գործընթաց ընկալել չի կարելի: Ի՞նչ է նշանակում տեխնիկական գործընթաց չի կարելի ընկալել, եթե մեր երկրի իրավական համակարգի սահմանադրական օրենքները, մասնավորապես՝ Ընտական օրենսդրությունը, թույլ է տալիս տալ դրանց իրավական հետևանքները: Ասել է թե՝ անհասկանալի է, թե ինչ է նշանակում տեխնիկական լուծումներ չեն: Մեր ԿԸՀ նախագահը ավելի հեռուն գնաց արդեն ՍԴ դատաքննության ընթացքում, ասաց, որ դա նաև «քաղաքական զենք է»: Ես չեմ ուզում շեշտը դնել «զենք» բառի վրա, որովհետև դատախազությունն էլի հազար ու մի պատճառաբանություն կգտնի, թե դա էլ է արդարադատության սիմվոլ, ինչպես մուրճը: Այստեղ «քաղաքական» բառի վրա եմ ուզում դնել շեշտը: Ի՞նչ է սա նշանակում: Օգտագործելով քաղաքական բառը՝ Մուկուչյանն ուղղակիրոն բացառեց բոլոր հնարավոր մտքերը կամ տեսական քննարկումներն առ այն, որ հնարավոր է մտածել, որ դատաքննությունը ՍԴ-ում իրավաբանների, իրավական, իրավական փաստակազմի վեճ է, և այս լուծումը, որը պիտի տրվի ՍԴ որոշմամբ, զուտ իրավական հարց է լինելու: Այս մասով, իհարկե, Տիգրան Մուկուչյանն իրենց գերազանցեց»,- ասաց Մկրտչյանը: