2020թ. Արցախյան պատերազմի առնչությամբ մինչ օրս որևէ քրեական գործ չի հարուցվել կամովին գերի հանձնվելու փաստի կապակցությամբ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից և քննչական կոմիտեից ստացված տվյալներից։
Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Ադրբեջանից հայրենադարձված բոլոր ռազմագերիների և գերեվարված անձանց մասնակցությամբ իրականացվել և իրականացվում են մեծածավալ քննչական (այդ թվում նաև՝ հարցաքննություններ) և այլ դատավարական գործողություններ։
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննություն է իրականացվում զինծառայողների, պահեստազորում ընդգրկված ծառայողների և կամավորների գերեվարվելու հանգամանքների պարզման ուղղությամբ։ Ստացված տվյալներն օպերատիվ կերպով փոխանցվում են իրավասու պետական մարմիններին, ինչպես նաև միջազգային կառույցներին»,– NEWS.am–ին հայտնել է ՔԿ քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Նշենք, որ քրեական պատասխանատվություն է նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների՝ մասնավորապես քրեական օրենսգրքի 381–րդ և 382–րդ հոդվածների համար։ Օրինակ կամովին գերի հանձնվելը (ՔՕ 381–րդ հոդված) պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով: Իսկ 382–րդ հոդվածի 3–րդ մասը, որը սահմանում է գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից շահադիտական դրդումներով կամ իր նկատմամբ հակառակորդի ներողամիտ վերաբերմունքն ապահովելու նպատակով այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ուղղված են մյուս ռազմագերիների դեմ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: