Այն բանից հետո, երբ ազդարարվեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Երեւան այցի մասին, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն հանդիպումներ էր ունեցել Երեւանում, Բաքվի եւ ռուսական լրատվական-պրոպագանդիստական տարածությունում աժիոտաժ է սկսել: Ռուս քաղաքագետը «հայկական լրատվամիջոցին» տված հարցազրույցում բողոքել է, որ Հայաստանը հակաադրբեջանական կոալիցիա է ստեղծում: Նա հղում է արել Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի իր բոլոր հարեւաններից: «Ադրբեջանների» ցուցակը շատ լայն է, և ես կարծում եմ, որ դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի անվտանգության համար», – ասել էր Փաշինյանը:
Վերլուծաբաններն ու զլմները քննարկում են, թե ինչ է բերելու Մակրոնը Հայաստան և ինչու, հրաժարվելով «պարիտետից», կայցելի միայն Երևան, առանց Բաքվի: Պատրաստվո՞ւմ է Փարիզը ճանաչել Ղարաբաղը, անհանգստանում են նրանք: Իսկ նախորդ գիշերը մոսկովյան լրատվամիջոցները չէին քնել՝ նրանք ակտիվորեն տարածում էին Շարլ Միշելի այցի դեմ մի քանի տասնյակ հայերի բողոքի կադրերը:
Այս աժիոտաժը ցույց է տալիս, թե ինչից են անհանգստանում Մոսկվան ու Բաքուն. Հայաստանի շուրջ կոալիցիայի հավանական կազմավորում, Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչում, ռուս-թուրքական սխեմայից դուրս Հայաստանի՝ տրանսեվրոպական տրանզիտ դառնալը և Արցախի կարգավիճակ՝ միջազգային խաղաղապահների տեղակայմամբ:
Եվրոպական խորհրդի ղեկավարը Երեւանում հստակ հայտարարեց, որ Ղարաբաղի կարգավիճակի և խաղաղության հարցը փոխկապակցված են: «Վաղը ես կհանդիպեմ նաեւ Ադրբեջանի նախագահի հետ և կփորձեմ հասկանալ, թե Եվրամիությունն ինչ կառուցողական և դրական դեր կարող է ունենալ Մինսկի խմբին աջակցելու հարցում», ասել է Միշելը: Բացի այդ, Միշելը Երեւանում հայտարարել է Հայաստանի համար Եվրամիության ֆինանսական խոշոր փաթեթի մասին։
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրներին, ասել է, որ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, և դրա դրսեւորումները տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում: Ինչու՞ ոչ պաշտոնական աղբյուրներին՝ Ալիևը չի էլ թաքցնում իր մտադրությունները:
Փաշինյանը նշել է, որ ռազմագերիներին չվերադարձնելը և տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումից հրաժարվելը, մասնավորապես Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան ճանապարհը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումներ են: Միևնույն ժամանակ, Փաշինյանը չի ասել, որ Հայաստանը եռակողմ հայտարարությունը սպառված է համարում, և ժամանակն է անցնելու Մինսկի խմբի մակարդակին:
«Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այստեղ չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը: Այս համատեքստում, ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար շուրջ 2.6 մլրդ եվրո տրամադրելու մտադրության մասին: Այդ միջոցներով իրականացվելու են յոթ ուղենշային ծրագրեր, ներառյալ Հյուսիս-Հարավ ճանապարհը եւ Հայաստանի հարավային շրջանների կայուն զարգացումը», – ասել է Փաշինյանը:
Այն, ինչ առաջարկել է Միշելը Երեւանում, հիստերիա է առաջացրել Բաքվում, որին միացել են ռուսական զլմները, ինչպես նաեւ տարբեր շրջանակներ Երեւանում: Ի՞նչ է առաջարկվում Հայաստանին դրա փոխարեն՝ Արցախից և Մինսկի խմբից հրաժարում, Զանգեզուրի միջանցք:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/18/655888/