«Հրապարակ» թերթը գրում է. «Ապագա կառավարության կազմն արդեն որոշակիանում է։ Կլինեն հիմնականում հին դեմքեր։ Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարար կնշանակվի, ինչպեսեւ գրել էինք, ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը։ Վաղարշակ Հարությունյանը կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
Նախկին ԱԽՔ, այժմ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանն արտգործնախարար չի նշանակվի։ Այս պաշտոնը մնացել է Փաշինյանի կոկորդում, չի կարողանում սորոսական Գրիգորյանին նշանակել, քանի որ դա նշանակում է վերջնականապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, այլ անձ չի գտնում, ուստի որոշել են շարունակել Արարատ Միրզոյանին համոզելը, որ համաձայնի գնալ ԱԳՆ՝ ե՛ւ Միրզոյանից կպրծնեն, ե՛ւ ԱԳՆ-ից։
Փաշինյանն ուզում է ազատվել նաեւ հարմարվողական Ատոմ Ջանջուղազյանից, սակայն ֆինանսների նախարարի թեկնածու չեն գտնում։ Ինքը՝ Ջանջուղազյանը, խուսանավեց եւ մեր հարցին ի պատասխան ասաց, որ կոռեկտ չէ իր մնալ-չմնալու մասին հարց տալը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը կվերանշանակվեն։ Արդարադատության նախարար կդառնա փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ով ամիսներ առաջ ԱԺ-ից տեղափոխվեց գործադիր եւ նախօրեին Հ1-ի եթերում էր։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծես ՊԵԿ է վերադառնում, որտեղ աշխատել է 2018-19 թթ․՝ ՊԵԿ նախագահի տեղակալ է եղել։ Փոխվարչապետ կվերանշանակվի Մհեր Գրիգորյանը, մյուս փոխվարչապետը կլինի Սուրեն Պապիկյանը, ում ենթակայությանը կհանձնվեն մարզպետարանները, տարածքային կառավարման նախարարությանը ենթակա գրեթե բոլոր ոլորտները։ Նաեւ այդ պատճառով Ռոմանոս Պետրոսյանը, ով փոխարինելու էր Պապիկյանին, հակված չէ ղեկավարել գլխատված նախարարությունը՝ հնարավոր է նոր ՆԳ նախարարությունը ղեկավարի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում