Արարատի մարզի Երասխ համայնքի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք է ստացել թեւի շրջանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։
Հարցին՝ արդյոք Օղիկյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից, ԲԿ տնօրենն ասել է, որ այդ հարցին չի կարող պատասխանել. «Խառը կրակոցներ են հնչել, ինքն էլ այդ ժամանակ եղել է բլինդաժում»։
Արայիկ Սարդարյանն ասել է, որ Օղիկյանը հիվանդանոց է տեղափոխվել կեսգիշերին:
ԲԿ տնօրենը նշել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաեւ ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: