«Անկախության հռչակագրի ընդունումը անկախախության ակտ էր, չնայած փաստաթղթում գրվում էր, որ դրանով է սկսվում անկախության գործընթացը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Վերջինս չթերագնահատելով փաստաթղթի նշանակությունը, նշեց, որ անկախության տարիներին իշխանությունների կողմից թույլ տրվեցին բազում սխալներ, որոնք խոչընդոտներ են ստեղծում Հայաստանում ժողովրդավարությանը հասնելուն:
Ըստ ԱԻՄ առաջնորդի` Հայաստանի իշխանությունները ծայրաստիճան դանդաղ են աշխատել այս կարևոր սահմանադրական փաստաթղթի դրույթները կենսագործելու առումով, այսիքին՝ այն ձևական փաստաթուղթ է եղել նրանց համար:
Գալով ներկայիս խնդիրներին՝ Հայրիկյանը նշեց, որ այսօր առանցքային հարցն է մնում 3-րդ կետի ամբողջական իրականացումը: Հռչակագրի 3 կետը նշում էր, որ Հայոց պետականության կրողը Հայաստանի հանրապետության ժողովուրդն է: Այդ կետը իրականություն դարձնելու համար Պարույր Հայրիկյանը նոր ծրագիր է մշակել:
«Ինչպես 40 տարի առաջ ես գիտականորեն հիմնավորած անկախ Հայաստանի ճանապարհն էի բացում, այդպես էլ այսօր սկսել եմ Ազատ Հայասատանի ստեղծման գործընթացը: Մի քանի օրից տպված կլինի Դեպի բացարձակ ժողովրդավարություն գիրքս, որն արդեն համացանցում կա և կսկսի զանգվածային ստորագրահավաք այդ համակարգը Հայաստանում ներդնելու օգտին», - ասաց նա:
Պարույր Հայրիկյանը հավելեց, որ այդ ծրագիրը քննարկվել է ազգային ժողովում և վեց կուսակցությունների հավանությանն է արժանացել: