Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը որոշել է մասնակցել ընտրություններին որոշ շարժառիթներից ելնելով:
«15 օր առաջ եղան շարժառիթներ, քանի որ ցանկանում են իրականացնել «ժառանգություն» օպերացիան», - այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Տ. Աթանեսյանը:
Նրա խոսքերով, նա որոշել է մասնակցել ընտրություններին՝ փոխելու համար Փաստաբանների պալատում առկա թերությունները:

Բանախոսի խոսքերով պալատը որևէ կերպ չի պաշտպանում փաստաբաններին, չի իրականացնում միջազգային համագործակցություն, ինչպես նաև՝ չի օժանդակում երիտասարդ փաստաբաններին:
«Կա նաև ներսի խնդիրներ, ֆինանսական գործունեությունը թափանցիկ չէ, չգիտենք թե ինչ միջոցներ կան և ինչպես են օգտագործվում», - նշեց նա:

Այն հարցին թե ինչ քայլեր կձեռնարկի ընտրվելուց հետո, բանախոսը պատասխանեց, որ առաջին քայլը կլինի ֆինանսական աուդիտը և հարկային ստուգումները:

«Որպես փաստաբան ես Փի-Ար-ի կարիք չունեմ, եթե պարտվեմ՝ կընդունեմ արժանապատվորեն», - նշեց նա:

Բանախոսը ներկայացրեց, որ ընտրությունները կատարվելու են Փաստաբանների պալատում՝ փակ քվեարկության միջոցով՝ 1360 անդամների մասնակցությամբ:

Նշենք, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 14-ին, ներկայացված է չորս թեկնածու՝ Արա Զոհրաբյան, Կրոմվել Գրիգորյան, Աշոտ Թադևոսյան, Տիգրան Աթանեսյան: