Կրեմլի խոսնակ Պեսկովը, պատասխանելով Ղարաբաղյան կարգավորմանը ներգրավվելու Ֆրանսիայի ցանկության մասին հարցին, ասել է. «Եթե միջնորդների ջանքերը բերում են կայունություն, կանխատեսելիություն եւ օգնում են գոյություն ունեցող համաձայնությունների իրագործմանը, ապա դրանք կարելի է միայն ողջունել», տեղեկացնում են ռուսական զլմ-ները:

Հայտնի է, որ Կրեմլի խոսնակին «ինքնաբուխ» հարցեր ու պատասխաններ չեն տրվում, եւ այս պարագայում արդեն իսկ ուշադրության է արժանի ռուսական զլմ-ների ձեւակերպումը՝ «Ղարաբաղյան կարգավորմանը ներգրավվելու Ֆրանսիայի ցանկությունը»: Ընդ որում, տեղեկատվության մեջ նշվում է նաեւ, իբր Եվրամիության երկրները ցանկանում են մասնակցել եռակողմ ձեւաչափով՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան բանակցություններին:

Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է, ինչպես եւ Ռուսաստանը, որը «ղարաբաղյան կարգավորում» է համարում հենց եռակողմ պայմանավորվածությունները: Ֆրանսիան, Եվրամիությունը խոսում են Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորման մասին եւ եռակողմ փաթեթը չեն համարում վերջնական կարգավորում:


Ֆրանսիայի թեման նույնպես պատահական չի ընտրված՝ Պուտին-Ալիեւ հանդիպման նախօրեին Մոսկվան ու Բաքուն միմյանց վախեցնում էին հենց Ֆրանսիայի գործոնով՝ Արցախի ճանաչումից մինչեւ ռուսական զորքերի դուրսբերում: Մոսկվան մի ոտքով մնում է Մինսկի խմբում, ինչը նրան անհրաժեշտ է մի կողմից Բաքվի վրա ճնշման լծակ պահելու, այդ թվում՝ խաղաղապահների մանդատի հարցով, մյուս կողմից՝ եռակողմ փաթեթը Մինսկի խմբի միջոցով «լեգիտիմացնելու» փորձերի համար, բացառելով քաղաքական կարգավորումը խմբում:

Պեսկովի հայտարարությունները սրա մասին են: Ալիեւի հետ Պուտինը խոսում էր «փոխզիջումային լուծումների» անհրաժեշտության մասին, ինչը նույնպես բխում է այս տրամաբանությունից եւ ամենեւին չի վերաբերում Հայաստանի հանդեպ փոխզիջումներին:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/21/656470/