Ալիեւը չի ցանկանում, որ ռուսները հեռանան Հայաստանից, քանի որ եթե Հայաստանն անցնի Արեւմուտքին, Ալիեւը կպարտվի ամեն ինչ: Այս արտահայտության հեղինակը որեւէ արեւմտամետ գործիչ չէ, այլ «հայամետ» փորձագետ, հայ մամուլի հաճախակի հյուր Ստանիսլավ Տարասովը, որը մասնակցում է Հայաստանի ուղղությամբ Կրեմլի քաղաքականության մշակումներին եւ խոերհուրդներ է տալիս թուրքերին, օրինակ՝ փողով հեղեղել Հայաստանը։
Առիթը ԵԽ նախագահ Շառլ Միշելի այցն էր Երեւան, որտեղ նա ներկայացրեց Եվրամիության ֆինանսական աջակցության խոշոր փաթեթը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի սպասվող այցը Հայաստան։ Ռուսական ու Բաքվի զլմ-ներում «անանուն աղբյուրին» հղումով իսկական հիստերիա բարձրացվեց, որի հիմնական թեզն այն էր, թե Արեւմուտքը Հայաստանը դարձնում է իր ֆորպոստը՝ տարածաշրջանից Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելու համար, այդ թվում Արցախի կարգավիճակի որոշման եւ բազմազգ ուժերի տեղակայման հեռանկարով։
Հիշվում է հայ ժողովրդին, իր բառերով՝ «այնուամենայնիվ առնչվող» ռուսաստանցի գործիչ Սերգեյ Կուրղինյանի հայտնի հայտարարությունը, ըստ որի՝ Արցախում հայերի հաղթանակի դեպքում «կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստանը»:
Տարասովի եւ Կուրղինյանի այս կարելի է ասել հիմնարար հայտարարությունները լիարժեք բնութագրում են Ռուսաստանի քաղաքականության եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, թուրքերի դերակատարության խորքային խնդիրները։ Ընդ որում, դրանք ընթացիկ իրավիճակից բխող եզրահանգումներ չեն, այլ 200-ամյա իրողությունից, որն իր հերթին բխում է 1000-ամյա քաղաքակրթական խնդիրներից։
Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական ցեղասպան արշավի վերաբերյալ «ընթացիկ» խոստովանություններն արդեն արել են ՌԴ առաջին դեմքերը, ռուսական մեդիա-փորձագիտական ողջ սպեկտրը։ Սակայն առավել կարեւոր է հիմնարար խնդիրների ընկալումը հայ հանրության շրջանում, որը թեեւ ուշացած, այնուամենայնիվ հնարավորություն է մշակելու ազգային-քաղաքական հայեցակարգեր՝ պարտադրված առասպելաբանությունից ու քաղաքականության օբյեկտի իրավիճակից դուրս գալու համար։
Հայաստանի բաժանման ու հայերի հայրենազրկման 1921-ի ռուս-թուրքական ակտը կնքվեց այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն կորցրել էր իր ինքնիշխանությունը եւ խորհրդայնացվել էր։ Ռուս-թուրքական պայմանագրերով վերացվեց Վիլսոնյան Հայաստանը, որը մահացու սպառնալիք էր դիտարկվում Ռուսաստանի ու Թուրքիայի համար։
2014-ից սկիզբ առած ռուսական «նոր քաղաքականությունը» հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հայաստանը բռնակցվեց ԵՏՄ-ին, արտաքին քաղաքականությունը ենթարկվեց ռուսական ԱԳՆ-ին, իսկ հայկական բանակը շղթայվեց հայ-ռուսական համատեղ ՀՕՊ, համատեղ զորախմբի եւ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող այլ պայմանագրերով։ 2016-ի ապրիլի արշավը փորձարկումն էր՝ «նոր քաղաքականությունն» ու Լավրովի պլանն ամբողջացնելու նպատակով, որը ներկայում կիրառվում է Հայաստանի դեմ։
Կարելի է բերել նաեւ հակառակ օրինակները՝ 1918-ին ու 1991-ին Ռուսաստանի փլուզումները՝ Հայաստանի պետականության ստեղծմամբ ու հայկական տարածքների վերամիավորմամբ։
Հայաստանի քաղաքական դասն ու մեդիան գերակշիռ մեծամասնությամբ սպասարկում են այս քաղաքականությունը, քաղաքական պրիմիտիվիզմի թե ազդեցության գործակալներ լինելու պատճառով՝ էական չէ։ Ռուսաստանի քաղաքականության բացահայտումները սակայն նրանց դրել են շատ կոնկրետ իրավիճակում, եւ դրանից հնարավոր չէ խուսափել։ Ռուսաստանը փորձում է ավարտին հասցնել Հայաստանի ոչնչացման 200-ամյա իր քաղաքականությունը․ իրավիճակը բարդ է, բայց ոչ անհուսալի, ինչպես նաեւ հստակ են խնդիրները։
Ո՞վ է Հայաստանում ընդունակ մշակել ազգային օրակարգը՝ առաջիկա խոշոր ցնցումներից շահած դուրս գալու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/25/657228/