ԱՄՆ Պետքարտուղարությունը ճանապարհորդելու համար հարմար երկրների վերաբերյալ հերթական խորհրդատվությունն է հրապարակել։ Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս վերանայել Հայաստան ճանապարհորդելու ծրագրերը՝ COVID-19-ի պատճառով, քանի որ մի շարք վայրերում վարակի նոր դեպքերի ավելացման վտանգ կա։
Այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը COVID-19-ի բարձր մակարդակի պատճառով Հայաստանի համար 3-րդ մակարդակ է սահմանել։
Բացի այդ, խորհուրդ է տրվում չճամփորդել Լեռնային Ղարաբաղ՝ հակամարտության պատճառով։ «Պարբերական կրակոցները և հրետանային համակարգերի օգտագործումը, ներառյալ՝ ցամաքային ականներն ու ականանետերը, ամեն տարի հանգեցնում են մահվան դեպքերի ու վիրավորների: Խուսափե՛ք շփման գծի մոտակայքում գտնվող ճանապարհներից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի մոտակայքում գտնվող ճանապարհներից։
ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարության աշխատակիցները սահմանափակված են այնտեղ ճանապարհորդել»,- ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։