«Փաստինֆոն» գրում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կեղծ տեղեկություններ տարածելուց եւ հասարակությանը մոլորեցնելուց հետո ընդհատակ անցած Արծրուն Հովհաննիսյանն այսօր վաղ առավոտյան կրկին ակտիվացել է ու սկսել հայտարարություններ անել հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի մասին։
Վաղ առավոտից ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ միայն ՊՆ պաշտոնական հաղորդագրություններն է տարածում, այլ նաեւ «տեղեկություններ» տարածում հայ-ադրբեջանական շփման գծի այլ հատվածների վերաբերյալ, անգամ ուղիղ եթեր մտել լարված կետից։
Մասնավորապես, ֆեյսբուքյան լայվով Հովհաննիսյանը հայտնել է, թե թշնամին մեծ ուժերով հարձակում է գործել մեր մարտական դիրքերից մեկի վրա, կարողացել է վերցնել դիրքը, բայց դժվարությամբ վերականգնել են դիրքը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՊՆ՝ հասկանալու, թե ի՞նչ կարգավիճակ ունի Արծրուն Հովհաննիսյանը՝ իրավասո՞ւ է այս գործողությունների մասին պաշտոնական տեղեկություն հաղորդել, ՊՆ-ից հայտնեցին.
«ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունները տարածվում են բացառապես պաշտոնական խողովակներով, մասնավորապես` պաշտոնական կայքով»,- նշեցին գերատեսչությունից։
Ասել է՝ թե Ա.Հովհաննիսյանն այսօր լիազորված չէ տեղեկատվություն տարածել ռազմական գործողությունների վայրում տեղի ունեցող իրադարձությունների մասին։