«Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգը»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այս ծրագիրը կյանքի կոչելու համար սադրիչ գործողություններին զուգահեռ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանքներ գործելու մեջ։ Լինելով ՀԱՊԿ անդամ, ով սույն թվականի սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, և ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն»,- ասաց Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ գործունեության իրավակարգավորումներով։


«ՀԱՊԿ շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը», ասաց Փաշինյանը։