Երեկվանից, Գեղարքունիքի մարզում Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել․ թեեւ կրակոցների ինտենսիվությունը նախօրեի համեմատ նվազել է, երեկվա դրությամբ արդեն ունեինք 3 զոհ, 4 վիրավոր, անհետ կորած, ապա՝ ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող։ Սակայն այդ ամենի կողքին վաղ առավոտյան, մեկ այլ դրվագ, կարծես առավել հետաքրքրեց հանրությանը, քան սահմանին կատարվողը։
Վաղ առավոտից, ակտիվացել էր Արծրուն Հովհաննիսյանը, այն նույն Արծրունը, որը Նիկոլի հետ կիսում է պարտության խորհրդանիշ լինելը։ Այս մասին գրում է Yerevan.today-ը։
Վաղ առավոտյան՝ ժամը 8-ին, ֆեյսբուքյան գրառում արեց, ու ինչպես նախկինում, երբ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էր, «ավետեց», որ Ադրբեջանը մարտական հարձակում է գործել հյուսիս-արեւելյան սահմանին, եւ որ նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Հետո ավելացրեց, թե՝ «տվյալները ճշտվում են»։
Փաստացի, առավոտ լուսո հայ ազգը տագնապի մեջ ընկնելով թշնամու սանձազերծած հարձակման լուրով, ցնցվեց որ ունենք կորուստներ, բայց նաեւ զայրույթի մեծ ալիք բարձրացավ, որ չգիտես ինչու՝ այդ ամենի մասին հաղորդում է այն նույն պարտության սիմվոլ Արծրունը։ Բնականաբար, սկսվեց ենթագիտակցական դեժավյու, բայց որ ամենից կարեւորն էր՝ զայրույթ։
Համացանցը լցվեց հայհոյանքներով, անեծքներով դեպի Արծրունը։ Տագնապը սահմանից եկող նորություններին սպասելով՝ մեծանում էր, իսկ այդ ընթացքում Արծրունը ոչ միայն չէր լռում, բարձրացած զայրույթից դեպի իր հայտնվելը, այլ գնացել էր այդ նույն սահման/ինչպես ինքն էր ներկայացնում/ եւ լայվեր էր մտնում եւ դեմքի նույն արտահայտությամբ մեկնաբանում էր տեղի ունեցողը։
Ստացվեց՝ մի կողմից սահմանային լարվածությունը, զոհեր, վիրավորներ, անուններ եւ այլն, իսկ մյուս կողմից՝ Արծրուն, որպես գեներացված բացասական էմոցիաները իր վրա վերցնող։
Հիմա հարց է առաջանում․ նրա հայտնվելը, մեկնելը մարտական գործողությունների վայր, այնտեղից «լայվ անել»-ը, տեղեկություններ հաղորդելը, երբեմն՝ հոխորտալով, հայրենասիրության բարի կամքի դրսեւորո՞ւմ է, թե ունի այլ նպատակ։ Պատճառը դառնում է պարզ, երբ այդ ամենը դիտարկում ենք քարոզչական տեխնոլոգիայի տեսանկյունից։ Օրվա վերջում, ակնհայտ էր, որ այդ ամբողջ օրվա դեպքերի ֆոնին մոռացվեց երկրի առաջին դեմքի գործոնը։ Իսկ նա՝ Նիկոլը, տարօրինակորեն, երեկ ամբողջ օրը չերեւաց։
Բացի հասարակական եւ քաղաքական դեմքերից, սովորական ժողովուրդն այդպես էլ չհիշեց, որ սահմանային հերթական միջադեպի, թշնամու առաջխաղացման փորձերի, զոհերի, վիրավորների համար թիվ մեկ պատասխանատուն կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրած, բայց եւ ընդամենը մեկ ամիս առաջ վերընտրված Նիկոլ Փաշինյանն է։ Հանրության գերակշիռ մասը իր վրդովմունքն ու զայրույթը, թափեց Արծրունի վրա, իսկ Նիկոլին այդ առաջին ժամերին ընդհանրապես չհիշեցին։ Երբ որ պարզ էր, որ հանրությունը, ասել է, թե ադեկվատ եւ բացասաբար արձագանքեց Արծրուն Հովհաննիսյանի ինքնագործունեությանը, երկոյան նա հայտնվեց «Կենտրոն» հեռուստաընկերությա եթերում, որը, ըստ տեղեկությունների, անցել է իշխանությունների վերահսկողության ներքո։
Ահա, այսպես։ Հանրության ողջ տրամադրությունը, ուշադրությունը, քննադատությունն իր վրա սեւեռած Արծրուն Հովհաննիսյանը, փաստորեն, օգտագործվեց հերթական մանիպուլյատիվ տեխնոլոգիայի մեջ՝ այդ կերպ հերթական անգամ փրկելով Փաշինյանին հանրային պարսավանքի ալիքից։ Իր անձն առաջին պլան բերած Արծրուն Հովհաննիսյանին, փաստորեն, հաջողվեց կրկին շեղել հանրության ուշադրությունը, ստեղծել մի միջավայր, որի հերոսն ինքն է եւ ոչ Նիկոլը՝ դրանով իսկ հեռու պահել Փաշինյանին ժողովրդի մեղադրանքներից, բացասական որակումներից եւ մի գուցե անկառավարելի գործողություններից։
Մի բան հստակ է, որ ժողովրդին ստելու, մանիպուլյացիայի ենթարկելու «արծրուն» տեխնոլոգիան մշտապես կիրառվել եւ կիրառվելու է տարբեր իրավիճակներում, թելադրելով նիկոլական խաղի կաննոները։ Իսկ սովորական քաղաքացիներս կարող ենք այլեւս վստահ լինել, որ երբ Արծրունը, մի օր մի տեղ հայտնվում է, ուրեմն մեկ այլ տեղ ինչ-որ մի կարեւոր բան է կատարվում, եւ ուշադրություններս պետք է այլ տեղ պահենք։
Նյութի աղբյուր՝ Yerevan.today