Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր երևանաբնակ զինծառայողների և նրանց ծնողների հանդիպումը: Քաղաքապետարանի կողմից նման հանդիպումներ կազմակերպվել է արդեն երկու անգամ:

Այս երևույթը որոշ ակտիվիստներ փորձել են շահարկել, ասելով, թե իբր որտեղից քաղաքապետարանին այդքան գումար և միջոցներ նման հանդիպում կազմակերպելու համար և որ քաղաքապետարանը իրականում  չունի լիազորություններ նման հանդիպումներ կազմակերպելու համար:

Նրանք տարբեր առիթներով բարձրաձայնել են, որ այդ ամենը պետք է կազմակերպեր ՀՀ պաշտպանության նախարարությունը և ոչ թե Երևանի քաղաքապետարանը:

Ակտիվիստների այս պահանջն ու տեսակետը բազմիցս ներկայացվել է տարբեր լրատվամիջոցների կողմից, ինչն էլ այսօր առաջացրել է զինծառայողների ծնողների վրդովմունքը:

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ, երբ YerevanNews.am-ի թղթակիցը հարցազրույց է անցկացրել նստացույցի մասնակիցների հետ, պատահմամբ նկատել է զայրացած քաղաքացիների, ովքեր փորձել են մտնել քաղաքապետարանի շենք:

Պարզվել է, որ վրդովված քաղաքացիները հենց այն նույն զինծառայողների ծնողներն են եղել, ովքեր նման հնարավորություն էին ունեցել հանդիպելու իրենց զավակների հետ և ահա այսօր էլ եկել էին Երևանի քաղաքապետարան իրենց դժգոհությունը հայտնելու` ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Մասնավորապես, նրանց վրդովեցրել է այն փաստը, որ առանց իրենց կարծիքը հարցնելու, փորձ է արվել քաղաքապետարանի կողմից կազմակերպված հանդիպումը ներկայացնել վատ կողմերով:

Ծնողները պնդում էին, որ Երևանի քաղաքապետարանը կազմակերպի հանդիպում այդ նույն ակտիվիստների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջ տրվի նման խոսակցություններին:
YerevanNews.am-ի հետ զրույցում ծնողներն իրենց վրդովմունքը հայտնեցին` այս բարի գործը շահարկելու վերաբերյալ` շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին նման հնարավորություն ընձեռելու համար:

Մանրամասները կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութում քիչ ավելի ուշ: