Կապիտուլյացիայից հետո Հայաստանը միայն կորցնում է, այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ Շարմազանովի՝ Հայաստանում դասական առումով իշխանություն չկա։
«Եթե իշխանություն ունենայինք՝ պատերազմն անհամեմատ ավելի շուտ կդադարեցվեր,կլուծեին գերիների խնդիրը, չէր կազմվի հունվարի 11-ի արձանագրությունը, թույլ չէին տա, որ Սև լիճ ներխուժեին ադրբեջանցիները, կպաշտպանեին մեր պետական ու ազգային շահը, նախընտրական շրջանում կխոսեին արժանապատիվ խաղաղության հասնելու ռազմավարական-ծրագրային թեզերի մասին, այլ ոչ թե մուրճն աջ ու ձախ կթափահարեին», - նշել է նա:
Ըստ ՀՀԿ խոսնակի՝ մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը։
«Ցավով եմ ասում, բայց այսօրվա կառավարություն կոչվածն ի զորու չէ ազգային խնդիրները լուծելու և ըստ էության ոչինչ չի անում։
Նոյեմբեր 9-ից հետո Հայաստանը միայն կորցնում է։
Եվ կորցնելու է այնքան ժամանակ, քանի դեռ պարտության գլխավոր խորհրդանիշը բազմած է «աթոռին», - ընդգծել է Շարմազանովը՝ արձանագրելով, որ այս իշխանությունն ի զորու չէ սպասարկելու Հայաստանի շահը։
«Բազմիցս նշել եմ՝ չի կարելի Խորհրդային Ադրբեջանի քարտեզները հիմք ընդունելով՝ իրականացնել սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա, որովհետև այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որը նույնիսկ չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։
Այս փաստը մոռացության է տրվել կապիտուլյացիա կնքած ռեժիմի կողմից։ Կամ ի՛նչ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին է խոսքը, երբ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, այսինքն՝ ո՞րն է մեր շահը, ի՞նչ թուրքն ուզում է՝ մենք անում ենք, բա մեր ազգային շահը ո՞րն է։ Միայն թե չասեք՝ժողովուրդը ձայն է տվել։
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել,որոնք կործանման տարան իրենց պետությունները», - ավելացրել է ԱԺ նախկին փոխնախագահը։