Այսօր` օգոստոսի 24-ին, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ
բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21), Գերմանիայի Շվերին քաղաքում մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) դեմ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:
Երեկ` օգոստոսի 23-ի երեկոյան, Շվերինում կայացել է Արթուր Աբրահամի եւ Վիլբեֆորս Շիհեփոյի կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Վիլբեֆորս Շիհեփոն` 74.8 կգ:
Աբրահամ- Շիհեփո մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Երևանի ժամանակով սկսվելու է օգոստոսի 24-ի (լույս 25-ի գիշերը) 00:15 – 00:30 ընկած ժամանակահատվածում):
Ավելի վաղ Արթուր Աբրահամը հայտարարել էր, որ ինքը լավ է նախապատրաստվել այս մրցամարտին եւ նպատակը հաղթելն է, հակառակ դեպքում` կհեռանա բռնցքամարտից. "Ես պետք Է հաղթեմ եւ վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը. երրորդ մրցամարտը Ռոբերտ Շտիգլիցի հետ այն Է, ինչ ինձանից ակնկնկալում են իմ մարտարվեստի երկրպագուները",- նշել էր Արթուր Աբրահամը:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 40 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական
փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության "Պողոս Նուբար" մեդալով: