Օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Դամթյու Դեսսալենին:
Հանդիպմանը ներկա էին նաև Փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի այլ աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության շտաբի, իրավաբանական և անձնագրային ու վիզաների վարչության ծառայողներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության կրճատման նպատակով համապատասխան օրենսդրական բարեփոխումների շրջանակներում մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից կատարված հետազոտությունների արդյունքում տրված գնահատականը` «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ. կոնվենցիայի պահանջների ապահովման մասով, «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան կենսաչափական տվյալներով նույնականացման քարտեր և ճամփորդական փաստաթղթեր տրամադրելու նպատակով նախապատրաստված «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես և ՀՀ ոստիկանության կողմից մշակվող օրինագծերում ներառելու նպատակով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջարկվող նկատառումները:
Նշված հարցերի կապակցությամբ գրասենյակի կողմից վերահաստատվեց եվրոպական երկրներ ճանաչողական այց կազմակերպելու ցանկությունը, որպեսզի հնարավոր լինի տեղում ծանոթանալ առաջավոր փորձին:
Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը, մասնավորապես, իր գոհունակությունն ու շնորհակալությունն արտահայտեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացրած նկատառումները Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից օրինագծերում ներառելու, ինչպես և արդյունավետ համագործակցության համար:
Ոստիկանության պետի տեղակալը և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչը հույս հայտնեցին, արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: