Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում է, արդեն հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի, պաշտպանության նախարարի, և գուցե այլ անձանց հետ, որի մասին տեղեկատվություն չկա:

Մինչ Երևան մեկնելը, Հարությունյանը Մարտակերտում ասել է, որ Ղարաբաղը չի կարող միայնակ ապահովել իր անվտանգությունը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: «Տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ Արցախը միայնակ չի կարող ապահովել խաղաղություն և անվտանգություն: Իսկ ռուսական զորքերի ներկայությունը չպետք է լինի ժամանակավոր, այլ մշտական», ասել է նա (մեջբերումն «Ինտերֆաքսից»):


Այդ դեպքում ինչո՞ւ է Հարությունյանը ժամանել Երեւան, այլ ոչ թե Մոսկվա: Նրա հայտարարությունից հետեւում է, որ եթե Արցախը չի կարող ինքնուրույն պաշտպանվել, ապա կա միայն մեկ տարբերակ` ռուսական զորքերը: Սակայն այլ տարբերակներից նա չի խոսել, օրինակ հայկական զորքերը, կամ ՄԱԿ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների զորքերը` պարիտետի հիմքով: Բայց առաջին հերթին՝ Հայաստանը:

Արցախի նախագահը դիմե՞լ է Հայաստանին զորք ուղարկելու խնդրանքով: Կամ խնդրե՞լ է Հայաստանին դիմել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ կամ ԵԱՀԿ: Թե՞ Հարությունյանը ժամանել է Երևան, որպեսզի Հայաստանի ղեկավարության հետ Արցախը վերջնականապես «մշտական հիմունքներով» հանձնեն ռուսներին:

Երևանը չի դիմում միջազգային կազմակերպություններին, չի խոսում Արցախի անվտանգության հայկական երաշխիքների մասին, չի քննարկում ճանաչման հարցը: Ուղիղ 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ այն ժամանակ գործազուրկ Արայիկ Հարությունյանը սպիտակ գլխարկով հրապարակում կանգնած ծափահարում էր Փաշինյանին:

Այժմ նա խոսում է միայն ռուսական զորքերի մասին: Նույնիսկ Հայաստանի պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը նա խոսել է Ռուսաստանի «խաղաղապահ առաքելության» մասին: Նախօրեին էլ Կարապետյանը հանդիպել էր գեներալ Մուրադովի հետ:

Փոխարենը, Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկում են սոցիալ-տնտեսական ծրագրեր՝ սոցիալական աջակցություն, բնակարանաշինություն եւ այլն: Սակայն այդ ծրագրերի իմաստն անհասկանալի է դառնում Արցախի կարգավիճակի ու քաղաքական կարգավորման բացառման պարագայում:

Աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=4xfBjzn-xfk