Ռուսաստանը չի կարող սահմանապահների տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին միջազգայնորեն-իրավական ձևակերպման բացակայության ու կողմերի միջև վստահության պակասի պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկանտովը։
Նրա խոսքով, հայ-ադրբեջանական սահմանին կայուն ապաէսկալացման հնարավոր է հասնել միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին անհետաձգելի կերպով սահմանազատման, ապա և սահմանագծման միջոցով։ Հիշեցնենք, որ ռուս սահմանապահների տեղակայման առաջարկն արել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ
Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Պաշտպանության նախարարությունը նշում է նաև, որ տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ այն պատճառաբանությունը, որը ներկայացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, անհեթեթություն է․ «Փաստորեն նշվում է, որ առանց դեմարկացիայի ու դելիմիտացիայի իրենք հրաժարվում են սահմանին կոնտինգենտ տեղակայել։Ես դա անհեթեթություն կահամարեի։ Քանի դեռ սահմանին կրակում են, այնտեղ չի կարող իրականացվել դեմարկացիա ու դելիմիտացիա։ Այն, ինչ-որ մեզ առաջարկում են, ըստ էության ոչ թե դեմարկացիա ու դելիմիտացիա է, այլ Ադրբեջանի հայտարարած սահմաններին համաձայնվելն է։Դա դեմարկացիա ու դելիմիտացիա չէ։ Հիմա, երբ Ռուսաստանը հայտարարում է, որ այդ պատճառով չի կարող ապահովել սահմանների անվտանգությունը, որպեսզի դրանից հետո դեմարկացիա ու դելիմիտացիա արվի՝ ճանապարհ է դեպի երկու տեղ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մանրամասնելով մեր զրուցակիցն ասաց․ «Կա՛մ, ըստ էության, Ռուսաստանը մեր վրա ճնշում է գործադրում, որպեսզի մենք համաձայնվենք Ադրբեջանի առաջ քաշած սահմաններին, կա՛մ Ռուսաստանը փորձում է իրավիճակն ապակայունացնել ու տանել հետագա սրման»։
Խոսելով Ոսկերպարում տեղակայված ռուս սահմանապահների մասին, արեգ Քոչինյանն ընդգծեց․ «Ես , անկեղծ ասած, այս պահի դրությամբ չեմ հասկանում, թե ինչ կարգավիճակով և ինչ իրավունքներով, ինչ պարտականությամբ, ինչ քանակությամբ կոնտինգենտ է այստեղ տեղակայված։ Ինչքան նկարներից տեսել եմ՝ այնտեղ մի մեքենա է կանգնած, մի քանի զինվորական ու մի դրոշ։ Հիմա, թե նրանք այնտեղ ինչ են անում, ինչ հրաման, հանձնարարություն իրավունքներ ունեն՝ չեմ կարող ասել»։
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանը նման առաջարկ է արել՝ նորից ցույց տալու, որ Ռուսաստանը մեզ չի աջակցում ու մեր առաջարկները չի ընդունում․ «Չեմ կարծում, որ այս իրավիճակում նման քինախնդիր բան չի արվել։ Ես հույս ունեմ, որ մենք նման պահելաձևի ականատես չենք, այլ ավելի հեռանկարային առաջարկ էր՝ այն առումով, որ սա փորձ է ցույց տալու, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չունեն բավարար գործիքակազմ ու հնարավորություններ։ Ու այդպիսով հող կնախապատրաստվի արդեն դիմելու Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով որևէ լուծում գտնելուն»,-եզրափակեց նա։
Աղբյուր՝ https://www.1in.am/2987730.html