Պուտին-Ալիև պայմանավորվածություն կա, Փաշինյանն անմասն չէ։ Այս մասին 168.am-ին ասել է Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի հայտարարությանն, ըստ որի Ռուսաստանը չի տեղակայում սահմանապահներ հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով, ասել է, որ հարցը կարգավորող իրավական փաստաթուղթ գոյություն չունի, սակայն այդպիսի փաստաթուղթ հնարավոր է ստեղծել։
«Ռեգնում» գործակալության սյունակագիրն ասել է՝ կա վարկած, որ Ալիևի և Պուտինի միջև կա պայմանավորվածություն, որ Ադրբեջանը կմիանա ԵԱՏՄ-ին, և, որ Փաշինյանը ևս անմասն չէ այս ամենից:
«Այդ վարկածի համաձայն՝ այս տարածքում ձևավորվում է, վերականգնվում է ԽՍՀՄ-ին նմանվող միություն, բայց դա ԽՍՀՄ չէ, որի շրջանակում Ղարաբաղի ստատուսը լուծվելու է հատուկ ձևով, և չի բացառվում, որ Ղարաբաղը ստանա Սան Մարինոյի կարգավիճակը: Երևի թե հենց այսպես էլ կլինի: Ադրբեջանն իրեն անտրամաբանական չի դրսևորում, Ադրբեջանը ուժի դիրքերից է խոսում հայերի և Ղարաբաղի հայերի հետ, որոնց մոտ չկա անվտանգության զգացում, և հայերը ուրախ կլինեն, որ կոնտինգենտը լինի Ղարաբաղում»,- ասաց Տարասովը: