Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են իրավիճակի կարգավորման ուղիները հայ-ադրբեջանական սահմանին:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ -ն, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգեր:
«Նախարարները գոհունակությամբ նշել են ռուս-ադրբեջանական բազմաբնույթ հարաբերությունների շարունակական զարգացումը, առեւտրատնտեսական կապերի կայուն աճը: Հաստատվել է այս տարվա հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու փոխադարձ տրամադրվածությունը:
Տեղի է ունեցել կարծիքների առարկայական փոխանակում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաարգելափակմանն ուղղված Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարեւորությունը:
Քննարկվել են միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ -ում, ԵԱՀԿ-ում եւ «Կասպյան հնգյակում» համագործակցության հետագա խորացման հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գերատեսչությունների մասով հետագա շփումների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: